Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Վահագն Գասպարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 01-06-2019
Վահագն Գասպարյան. «Պարն առաջին հերթին գեղագիտական դաստիարակություն է»
Eritasard.am-ի «Հաջողության գրավականը» շարքում շարունակում ենք բացահայտել տաղանդավոր երիտասարդների, որոնք երիտասարդ տարիքում արդեն մի շարք հաջողություններ են գրանցել: Այս անգամ խորագրի հյուրը` Վահագն Գասպարյանն է: Իսկ թե որ ոլորտում է վերջինս գործունեություն ծավալում, կպատմի ինքը:

Մասնագիտության հստակ ընտրություն…

Պարարվեստով սկսել եմ հետաքրքրվել փոքր տարիքից, երբ դեռ 4-5 տարեկան էի:  Ընդ որում` հաճախում էի և՛ պարի, և՛ երգի: Պարում էի «Սեբաստիա» մշակույթի կենտրոնում` Հովհաննես Թադևոսյանի գլխավորությամբ: Առաջին պարուսույցս եղել է Լենա Խալաթյանը: Մասնագիտության հարցում երբեք չեմ վարանել: Հստակ գիտեի, որ պետք է պարարվեստի ոլորտն ընտրեմ: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:  

Առաջին քայլերը որպես պարուսույց, սեփական համույթի ստեղծում…

Երբ 2001թ. առաջին պարուսույցս` Լենա Խալաթյանը,  ԱՄՆ մեկնեց, առաջարկեց ղեկավարեմ այն խումբը, որտեղ ես ինքս պարում էի: Այդ ժամանակ խումբը հանդես էր գալիս «Աստղիկ» մանկապատանեկան համույթ» անվան ներքո: Հենց վերջինիս հիմքի վրա էլ հիմնեցի «Վալենս» պարային համույթը: Անունը ևս պատահական չէ ընտրված. «Վ» Վահագ, Ա «Ասատուր» (իմ լավ ընկեր Ասատուր Մարգարյանը, որի հետ էլ հենց հիմնադրել ենք), «Լեն» Լենա (պարուսույցս), իսկ «Ս»-ն ուղղակի սեր: Մենք արդեն 18 տարեկան ենք: Այս տարիների ընթացքում մեր համույթը շատ սերունդներ է տվել, խմբում պարում են 4 տարեկանից սկսած, ունենք նաև սիրողական խմբեր: Դասավանդում ենք հայկական-ժողովրդական, դասական, այլ ազգերի ժողովրդական պարեր: 
 


Համերգներն առօրյայի մի մաս…

Համերգներն ու շրջագայությունները մեր առօրյայի անբաժան մասն են կազմում: 2018թ. դեկտեմբերի 29-ին` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Հայաստանի ճամփեքով» պարային լայնամասշտաբ ներկայացումը, որը նվիրված էր մայրաքաղաք Երևանի  2800-ամյակին: Այս համերգն իհարկե տարբերվում էր մնացածից, քանի որ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վիզուալ կերպով 7-օրյա ճամփորդություն վայելել Հայաստանում` պարի տեսքով: Ներկայացմանը պատրաստվել էինք մեծ ջանասիրությամբ, հաշվի առնելով ամեն դետալ: 



Բարեգործական համերգներ…

Բարեգործական համերգներների շատ ենք մասնակցում: Մայիսի 1-ին` Աշխատավորների տոնի կապակցությամբ այց ունեցանք Երևանի Թիվ 1 տուն-ինտերնատ: Պարերով ու երգով հագեցած ծրագիր էր, որը կարծում եմ մեծ բավականություն պատճառեց ներկաներին: Շատ ջերմ խոսքերի արժանացանք, ինչը, իհարկե, հաճելի է: Իսկ հունիսի 1-ին պատրաստվում ենք մանուկներին տոն նվիրել՝ այցելելով Կոտայքի մարզում գտնվող «Սոս» մանկական գյուղեր:



Երեխաների հետ աշխատելու կարևոր նախապայմանները…

Կարևորը և առաջնայինը երեխաների հոգեբանությունը հասկանալն է, որովհետև երեխաներն իրենց բնույթով տարբեր են` չար, չենթարկվող, փակ, ամաչկոտ: Յուրաքանչյուրին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, պետք է փորձել հասկանալ նրանց, որպեսզի նրանք ևս քեզ սիրեն, հարգեն: Երեխաներին պետք է ամեն բան խոսքով բացատրել: Երեխան կարող է լավ պարող չլինել, բայց պետք է փորձել աշխատել նրա հետ, ինտեգրել: Գուցե որոշ բաներ չստացվեն, սակայն կարևորը նաև ցանկությունն է: Եվ ի վերջո, պարով կարելի է երեխաներին դաստիարակել, քանի որ այն առաջին հերթին գեղագիտական դաստիարակություն է: 



Գործունեությունը բացառապես Հայաստանում ծավալելու մասին…

Արտերկրից հրավերներ եղել են, սակայն ես մերժել եմ, քանի որ խումբը չէի կարող թողնել: Եվ հիմա հասկանում եմ, որ իսկապես ճիշտ եմ վարվել, քանի որ այս տարիների ընթացքում շատ սերունդներ ենք տվել, որոնք մեծ հաջողությունների են հասել:

Հետադարձ հայացք…

Ճիշտ  է` խումբը 18 տարեկան է, սակայն դեռ շատ աշխատանքներ ու նպատակներ կան: Ամեն րոպե, ժամ, օր, հասկանում եմ, որ արածս քիչ է, անելիքներ կան: Եվ առհասարակ, անելիք միշտ կա, հակառակ դեպքում նույն տեղում կլինենք:

Հաջողության գրավականը…

Աշխատանքը, աշխատելը, աշխատասիրությունը, մտածելը… թերևս կարող եմ իմ հաջողության գրավականը համարել: Առհասարակ, ցանկացած գործողություն անելուց հետո պետք է արդեն մտածել հաջորդի մասին: Երբեք չպետք է կանգ առնել ու մտածել, որ, եթե այս քայլս հաջողություն ունեցավ, ապա սա այն է, ինչ պետք է: Ո'չ, չկա նման բան: Միշտ զարգանալու տեղ կա: