Նյութը՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Լուսանկարները՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Տեղադրվել է 04-06-2019
Ալավերդու արհեստագործական ուսումնարանում բացվեց գյուղմեքենաների և գործիքների պարկ
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության - ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում հունիսի 4-ին Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում բացվեց գյուղատնտեսական մեքենաների, գործիքների, սարքավորումների շահագործման պարկը:

Պարկը կօգնի աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպել ուսումնարանում, ինչպես նաև կծառայի ծրագրի շրջանակներում իրականացվող «Գյուղատնտեսական մեքենաների, գործիքների, սարքավորումների շահագործման փականագործ» մասնագիտացում տրամադրող կարճաժամկետ ոչ ֆորմալ դասընթացների իրականացմանը:

«Այս ծրագրի միջոցով Վորլդ Վիժն Հայաստանը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտն ավելի գրավիչ դարձնել երիտասարդների համար, որն իր հերթին կազդի հատկապես գյուղում ապրող երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցմանը և աղքատության հաղթահարմանը» - ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության – ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը:

Ծրագրի կողմից իրականացվող կարճաժամկետ դասընթացն ավարտած և «Գյուղատնտեսական մեքենաների, գործիքների, սարքավորումների շահագործման փականագործ» որակավորում ստացած 14 ուսանողներ ստացան նաև իրենց ավարտական վկայականները: 

«Մեր քաղաքականությունը, որն իրականացնում ենք մասնագիտական ուսուցման և կրթության ոլորտում, և որի հիմնական առաքելություն է տեսական գիտելիքներից զատ գործնական հմտություններ և գիտելիքներ հաղորդել ուսանողներին, կամաց-կամաց իրականություն է դառնում, որովհետև անհնար է դա իրականացնել առանց անհրաժեշտ տեխնիկական բազայի», - նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ՆՄՄԿ վարչության պետ՝ Արտակ Աղբալյանը

«Վստահ ենք, որ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարճաժամկետ դասընթացը շատ արդյունավետ կլինի ժամանակակից այս նոր տեխնիկայի առկայության պայմաններում. այն ավելի լավ կթիրախավորի աշխատաշուկայի և գործատուների պահանջները և կբարձրացնի համայնքի երիտասարդների աշխատունակությունը», - իր խոսքում նշեց «Գլոբալ զարգացումներ հիմնադրամ»-ի տնօրեն՝ Արամ Ավագյանը: