Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-06-2019
«Մի´ կայանիր մայթին»
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Երևանում անցկացվեց ինքնատիպ ակցիա: «Մի´ կայանիր մայթին» խորագրով անցկացվեց քայլերթ՝ սայլակներով ու մանկասայլակներով:

Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանում փողոցները հարմարեցված չեն սայլակով անվասայլակով, քայլակով ու մանկասայլակով տեղաշարժվելու համար: Սակայն վերջին շրջանում այս խնդիրն ավելի է ահագնանում՝ մայթերին կայանող անպատասխանատու վարորդների պատճառով: Երեխաների պաշտպանության օրը մի խումբ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պայքարելու խնդրի դեմ:



«Շատ մեծ խնդրի առաջ են բոլոր այն մարդիկ, ովքեր սայլակով են քայլում փողոցներում, որովհետև, օրինակ, մեքենաները սկսել են կայանել մայթերի վրա կամ անմիջապես թեքահարթակի դիմաց»,-նշում է ակցիայի կազմակերպիչներից Տաթև Սեկոյանը:

«Մի´ կայանիր մայթին» խորագրով քայլերթին մասնակիցները պաստառներով, փուչիկներով ու ժպիտներով Շառլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոն) շարժվեցին դեպի Աբովյան -Իսահակյան – Տերյան փողոցներ։ Ակցիայի ընթացքում նրանք նաև թռուցիկներ բաժանեցին, ինչպես նաև փորձարկեցին փողոցների տարբեր թեքահարթակներ: