Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Տեղադրվել է 07-06-2019
Հայտարարվում է ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ: Մրցույթի արդյունքում «Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը մեկ տարի ժամկետով շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքին կամ համայնքի կազմի մեջ մտնող քաղաքին:
Մրցույթի  մասնակցներն են (այսուհետ՝ Մասնակից)՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները (այսուհետ՝ Համայնք):
2. Քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքները: 
 
Մրցութային հայտը (այսուհետ՝ Հայտ) ներկայացվում է համայնքապետարանի կողմից Համայնքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր Մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավել Հայտ: Նույն Համայնքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել Մայրաքաղաք: Երևան քաղաքը Մրցույթին մասնակցել չի կարող:
 
Մրցույթի նպատակներն են՝ 
1) նպաստել Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը.
2) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
3) խրախուսել Հայաստանի Հանրապետության համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն.
4) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:
 
Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ 
1) Հայտերի ընդունում,
2) Հայտերի գնահատում, որը բաղկացած է երկու մասից՝ կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկություն և Հայտերի փորձագիտական գնահատում` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:
 
Հայտը կազմվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թ. մայիսի 27-ի № 92-Ա/1 հրամանի (այսուհետ՝ Հրաման) (կցվում է) № 2 հավելվածով սահմանված Հայտի ձևով՝ մեկ օրինակից և ներկայացվում է Նախարարություն՝ համայնքի ղեկավարի գրությամբ՝ կցելով նաև աջակցության նամակները:

Հայտը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից.
1) լրացված Հայտ (ձևը կցված է), 
2) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված Համայնքի ղեկավարի գրությունը Մրցույթին մասնակցելու մասին, որը կներառի հետևյալ բաղադրիչները.
համայնքապետարանի աջակցելու պատրաստակամությունը իրականացվող ծրագրերին,
տեղեկատվություն քաղաքային ենթակառուցվածքների մասին` հյուրանոցներ, դահլիճներ, մարզական, մշակույթի կենտրոններ, ներքաղաքային և միջքաղաքային տրանսպորտ, ժամանցի վայրեր և այլն՝ կցելով համապատասխան լուսանկար և/կամ տեսանյութեր։

Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի` Նախարարության հետ համատեղ իրականացվելիք երեք մակարդակի միկրոծրագրեր՝ քաղաքային (Նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300000 ՀՀ դրամ), մարզային՝ ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը (Նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500000 ՀՀ դրամ) և հանրապետական (Նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700000 ՀՀ դրամ) նշանակության՝ համաձայն Հրամանի № 2 հավելվածում առաջարկվող ձևի:

Հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է Հրամանի № 3 հավելվածով: 
 
Ծրագրերը պետք է համապատասխանեն հետևյալ առաջնայնություններին՝
1. Երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում, 
2. Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում, 
3. Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում, 
4. Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում, 
5. Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,
6. Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով։ 
 
Հաստատված ձևի խախտումներով և սույն հայտարարությամբ նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:

Փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS)  քվեարկության արդյունքում Կազմկոմիտեն կամփոփի արդյունքները: 

Մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը կորոշվի Կազմկոմիտեի անդամների կողմից՝ բաց քվեարկությամբ:

Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվի Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: 

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը ներառյալ

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաքի մրցույթի կանոնակարգ