Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-06-2019
Բագրատ Ալեքսանյանը կդառնար 24 տարեկան
Հունիսի 11-ը ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 24 տարեկան: Եռաբլուրի զինվորական պանթեոն էին եկել Բագրատի հարազատները, զինակից ընկերները, այլ զոհված հերոսների ծնողներ, աշակերտներ՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու համար:

Բագրատ Ալեքսանյանը ծառայում էր Արցախի Մեխակավանի  (Ջեբրայիլ) զորամասում, զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ժամանակ։  

Բագրատը զորակոչվել էր բանակ 2014 թվականին, իր ցանկությամբ վերադարձել էր հայրենիք զինվորական պարտքը կատարելու նպատակով:



Բագրատի մայրը՝ տիկին Նարինեն, որդու կատարած սխրանքների, հայրենասիրության և նրա տեսակի մասին հպարտությամբ է խոսում,- «Բագրատի վառ հայրենասիրության օրինակն է նրա՝ Մոսկվայից  ինքնակամ  վերադառնալը, նա դա ապացուցեց իր կյանքի գնով։  Նա ոչ միայն ապացուցեց իր մարդ տեսակը, նաև այնպես արեց, որ շատ շատերը, գնահատեն հայրենիքը և սիրեն այն: Կարծում եմ քչերը պատրաստ կլինեն իրենց կյանքը նվիրել հայրենիքին՝ հանուն բոլորի»:

Բագրատը դեռ փոքր տարիքից սկսել էր ստեղծագործել, նրա առաջին բանաստեղծությունը նվիրված է Արարատ լեռանը:  Մեծ երազանք ուներ հրատարակել առաջին բանաստեղծությունների ժողովածուն, բայց գրքի հրատարակումը տեղի ունեցավ  մահվանից մեկ տարի հետո  և կրում է «Վերադարձ» խորագիրը։



«Երբ պատերազմ լինի, և մենք չկարողանանք դիմադրել թշնամուն, լինենք վիրավոր, վիրավորված լինի նաև հայրենիքը, բայց մեր մայրերի սիրտը շարունակի բաբախել, ուրեմն մենք դեռ հաղթելու ենք»,- Բագրատ Ալեքսանյան։

Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիության համար», ԼՂՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։ 



Ի պատասխան հերոսի սխրանքների՝ հարազատ դպրոցում դասասենյակ է անվանակոչվել, իսկ բակում, որտեղ ապրել է Բագրատ, ցայտաղբյուր ու հուշաքար է տեղադրվել։

Հավելենք նաև, որ հունիսի 11-ին տեղի ունեցավ Բագրատ Ալեքսանյանին նվիրված միջոցառում «Զեյթունի» մշակույթի տանը: