Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-06-2019
Ֆիլմադարան. Բրիտանական երաժշտական օլիմպի լեգենդ Էլթոն Ջոնի կյանքի պատմությունը՝ «Ռոքեթմեն» ֆիլմում
«Ռոքեթմեն» ֆիլմը պատմում է փոքր քաղաքից ամաչկոտ երիտասարդ և տաղանդավոր դաշնակահար Ռեջինալդ Դուայթի մասին, որը տարիների ընթացքում դառնում է համաշխարհային փոփ երաժշտության սուպերաստղ Էլթոն Ջոն:

Ֆիլմի վերնագիրը վերցված է Էլթոն Ջոնի 1972 թվականին թողարկված ամենահայտնի երգերից մեկից՝ «Rocketman»-ից: 

Կենսագրական-երաժշտական ֆիլմի ռեժիսորը Դեքստեր Ֆլեթչերն է: Սցենարիստը՝ Լի Խոլլը: Կինոնկարում գլխավոր դերը կատարում է Թերոն Էջերթոնը: Վերջինս անձամբ է կատարում ֆիլմում իր բոլոր վոկալային համարները: 

Ֆիլմի իրադարձությունները սկսվում են Էլթոնի՝ Թագավորական երաժշտական ակադեմիայում ուսուցման տարիներից և շարունակվում են մինչև երաժշտական Օլիմպը նվաճելը:

Երիտասարդ ուսանող Ռեջինալդ Քեննեթ Դուայթը, ով ապագայում կդառնա պարոն Էլթոն Ջոն, սովորում է Թագավորական երաժշտական ակադեմիայում: Այնտեղ նա ծանոթանում է Բեռնի Թոփինի հետ: Վերջինս էլ հետագայում դառնում է հերոսի ընկերն ու նրա շատ երգերի բառերի հեղինակը: Երկու տաղանդավոր երիտասարդներ սկսում են նվաճել երաժշտական բարձունքը: Տարօրինակ  և էքսցենտրիկ պատանուց Ռեջինալդը աստիճանաբար դառնում է ռոք աստղ, ով հետագայում կցնցի ողջ աշխարհն իր երաժշտությամբ և տպավորիչ ելույթներով: 

Ֆիլմում առկա են ինչպես վավերագրական կադրեր երգչի իրական կյանքից, այնպես էլ երևակայության տարրեր, որոնք ամփոփված են երաժշտական համարներում: 

«Ռոքեթմեն»-ի ամենաուժեղ կողմը՝ տեխնիկականն է, իսկ ավելի ստույգ՝ երաժշտական համարները: Կինոնկարը դասական մյուզիքլի ոճով է, բայց մի տարբերությամբ՝ Դեքստեր Ֆլետչերի ֆիլմը թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ թռչել երևակայության աշխարհ: Երաժշտական համարները չեն սահմանափակվում տեղով, ժամանակով կամ էլ իրականության շրջանակներով: Հեղնակները հանդիսատեսին խորասուզում են երաժշտության ֆանտաստիկ աշխարհում: Դա անթերի է աշխատում հատկապես զգացմունքային տեսարաններում, երբ հերոսները միանգամից սկսում են երգել: 

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 2-ին և ավարտվել՝ նույն թվականի հոկտեմբերի 31-ին: Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 16-ին՝ 72-րդ Կաննի փառատոնի շրջանակներում: 

Այսօր Էլթոն Ջոնին լսում և սիրում են միլլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Երաժշտական գործունեության 50 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 250 միլիոն ձայնասկավառակ: Տաղանդավոր երգահան Էլթոն Ջոնը, ում ալբոմները ռեկորդային քանակությամբ են վաճառվել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, իր ուրույն տեղն ունի բրիտանական փոփ երաժշտության պատմության նշանավոր գործիչների կողքին: Արժանացել է նաև Բրիտանական կայսրության միաբանության կավալերի կոչմանը:

Պաշտոնական թրեյլեր՝