Նյութը՝ Ռոզա Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-06-2019
Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) նկարահանվել է ամերիկյան հեղինակավոր WarnerMedia-ի HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» (Euphoria) նախագծում: Նոր հեռուստանախագծի առաջին սերիան հանրության դատին է հանձնվել հունիսի 16-ին:

Ութ էպիզոդից բաղկացած նախագծի գլխավոր դերերում հանդես են գալիս Դիսնեյի, իսկ ներկայումս Մարվելի աստղ Զենդայան, Ջեյքոբ Էլորդին, Մոդ Ապատոուն և Հոլիվուդյան այլ ծագող աստղեր: Հեռուստանախագծի կենտրոնում դեռահասներն են և նրանց առնչվող խնդիրները:

HBO հեռուստատեսությունը, որն աշխարհին առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալի շնորհիվ, բազմահազարանոց քասթինգի շնորհիվ էպիզոդներից երկուսում նկարահանել է նաև հայազգի մեդիադեմքին՝ Բեթթիին: 

«Եվս մեկ նվաճում դեպի ինքս իմ առջև դրած մեծ նպատակներ: Ոգևորիչ է կարողանալ ոտք դնել ամերիկյան մեդիայի փակ դռներից այն կողմ, իսկ նման գերաստղ դերասանների և պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ է»,-նշում է Բեթթին:

Ի դեպ, հեռուստանախագիծը բավականին դրական արձագանքների է արժանացել ամերիկյան կինոքննադատների կողմից, և չի բացառվում, որ այն նաև երկրորդ եթերաշրջան ունենա: 

Նշենք, որ «Էյֆորիա»-ի բոլոր 8 էպիզոդները հասանելի կլինեն օգոստոսին. դեռևս հանրությանը ներկայացվում է շաբաթական ընդամենը մեկ էպիզոդ:

Հիշեցնենք, որ 2017 թ. Բեթթին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու նույն թվականին սեպտեմբերին ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվեց որպես extraordinary անձ: Արտիստն այս պահին ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում հանդես կգա այլ անակնկալներով: