Նյութը՝ Դիանա Գաբրիելյանի
Լուսանկարները՝ Ալլա Բունիաթյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 23-06-2019
Մարդը թատրոնում փնտրում է մարդուն, մարդկայինը, մարդու կենդանի արվեստը․ Ալլա Բունիաթյան
Երիտասարդ ռեժիսոր և դերասանուհի Ալլա Բունիաթյանն ինքն իրեն բացահայտեց, երբ առաջին անգամ մտավ թատրոն ու սիրեց կուլիսյան աշխարհը։

Կարևոր չէ՝ թատրոնի բեմին կանգնած, թե թատրոնի բեմի շարժը ղեկավարելիս, բոլոր պարագաներում  նա առաջնորդվում է մեկ կարևոր գործոնով՝ անկեղծությամբ։

Մեր զրուցակիցն է երիտասարդ ռեժիսոր Ալլա Բունիաթյանը։

Ալլա, ինչպե՞ս բացվեցին թատրոնի դռները Ձեր առաջ:

-Որպես հանդիասատես և պարզապես մարդ՝ թատրոնի դռները բացվեցին իմ առաջ, երբ փոքր էի ու հաճախում էի ամանորին նվիրված մանկական ներկայացումների: Հենց այդ ժամանակից է, որ կախարդական ու խորհրդավոր մի բան ընդմիշտ գրավեց ինձ: Իսկ մասնագիտական առումով շատ ավելի ուշ, երբ դպրոցն ավարտելիս կտրուկ որոշում կայացրի ընդմիշտ կապվել արվեստի հետ: Սակայն թատերական ինստիտուտի նախապատրաստական կուրս եկա կինոռեժիսուրա սովորելու համար: Ընթացքում ավելի սերտ ծանոթանալով թատրոնին՝ որոշեցի դիմել թատրոնի ռեժիսուրա բաժին: Շատ գոհ եմ կայացրածս որոշումից: Դա այն պահն էր, որով սկիզբ դրվեց մանկութան տարիներին ինձ գրաված խորհրդավոր աշխարհի բացահայտմանը: Բայց նշեմ, որ ժամանակի հետ ոչ թե բացահայտվում, այլ  էլ ավելի խորհրդավոր է դառնում  թատրոնը:



Ձեր առաջին քայլերը։


-Մանկապատանեկան շրջանում երբևէ չեմ հաճախել թատերական խմբակ և չեմ մտածել դերասանի կամ ռեժիսորի մասնագիտության մասին: Սակայն շատ խիստ կապված եմ եղել բեմին։ Երկար ժամանակ երգել եմ տարբեր ստուդիաներում և մասնակցել մրցույթների՝ Արևիկ, Դո-Ռե-Մի, Նոր ալիք, հաճախել եմ երաժշտական դպրոց, պարի, նկարել եմ, ասմունքի մրցույթների եմ մասնակցել, թաքուն գրել եմ էսսեներ, բանաստեղծություններ: Սրանք իմ առաջին քայլերն են արվեստում առհասարակ, դրանք բոլորը կարևոր են եղել հենց ներկայիս մասնագիտության համար:

Իսկ առաջին լուրջ քայլը թատրոնում համարում եմ երրորդ կուրսի նախադիպլոմային հեղինակային Շամիրամ և Կլեոպատրա ներկայացումս, որով առաջին անգամ թատրոնի բեմում հանդիսատեսի դատին հանձնեցի ավարտուն ներկայացում՝ հանդես գալով որպես ռեժիսոր, դրամատուրգ, բեմանկարիչ, և ինչու ոչ՝ նաև պրոդյուսեր: Առաջին անգամ բախվեցի թե հանդիասատեսի, թե մասնագետների գնահատականներին, հաղթահարեցի տեխնիկական, կազմակերպչական և ֆինանսական խնդիրները: Այս ներկայացումով՝ Գիսանե թատերական փառատոնի Լավագուն Դրամատուրգ անվանակարգում հաղթող ճանաչվեցի: 



Դուք ստեղծել եք Ձեր թատրոնը։ Ի՞նչ պատմություն ունի այն։

-Մեծ երազանքի պատմություն է սա, որը իրականացման պրոցեսի մեջ է: Դեռ ԵԹԿՊԻ-ում սովորելու տարիներից ինձ մեր թատրոններից ոչ մեկում չէի պատկերացնում և ոչ էլ թատրոնից հեռու: Պատճառները պայմանավորված են սկզբունքներով: 

Հաշվի առնելով որ Հայաստանում չկա երիտասարդական թատրոն՝ սկեցի կենտրոնանալ այդ ուղղությամբ, որովհետև բացի սեփական ստեղծագործական կյանքը շարունակելու ցանկությունը ինձ միշտ հուզել և հիմա էլ հուզում է, բազմաթիվ շնորհալի երիտասարդների ապագան, ովքեր իրենց տեղը չեն գտնում: Եվ ահա վերջապես գտնվեց մի տեղ, որը հնարավոր էր քիչ թե շատ օգտագործել թատրոն հիմնելու համար: 2016թ.-ի փետրվարին Մամուլի տանը վարձակալեցի արվեստանոց, որոշեցի հիմնել թատրոն, որը կոչվեց «Երևան» երիտասարդական թատրոն, հրավիրեցի մի խումբ երիտասարդ դերասանների և սկսեցի  թատրոնի առաջին ներկայացման փորձերը:  Հանդիսատեսի դատին հանձնեցինք մեր թատրոնի առաջին՝ Քամյուի մոտիվներով  «Կալիգուլա խաղը» ներկայացումը: Այնուհետև ամանորի մանկական ներկայացում բեմադրեցի Անդերսենի «Լուցկիներով աղջիկը»: Եվ վերջ, մեկ տարի աշխատելուց հետո ալլևս չկարողացանք հոգալ արվեստանոցի ծախսերը:

Նույն տարածքի սեփականատեր, բարդ հեղինակ-երգիչ Էդուարդ Բալասանյանի կողմից ունեցա առաջարկ համագործակցել և իրենց տարածքում հիմնադրել թատրոն: Եվ ահա 2019թ.-ի փետրվարից սկսել ենք ԴՐԱՄԱ երիտասարդական թատրոնի աշխատանքները: Կա հրաշալի, նվիրված երիտասարդ  թիմ: Այն դեռ համալրվելու է նոր մարդկանցով: Մարտին ունեցանք մեր առաջին պրեմիերան: Առաջիկա մայիս ամսվա ընթացքում կունենանք ևս երկուսը և հանդես կգանք արդեն խաղացանկային 3 ներկայացումներով՝ «Կես Կադր», «Վուդի Ալլեն  Բարի գալուստ Նյու Յորք», և «Ես խաղամոլ եմ»:



Ո՞րն է Ձեր աշխատանքի մոտիվացիան։


- Իմ մասնագիտությունը և առհասարակ ՍԻՐԵԼԻ մասնագիտությունը մարդու համար ազարտային բնույթի մի բան է: Հատուկ մոտիվացնող բաների կարիք էլ չկա: Ամեն ինչից կարող եմ ոգեշնչվել: Բացվող առավոտից, տեսած ֆիլմից, որևէ գրքից, անցորդի հայացքից, ինչ-որ ցիտատից: Եվ, ի վերջո, մեծագույն  մոտիվացիան ինձ համար ամեն օր ավելի լավ, մեծ, խորը, հետաքրքիր, պրոֆեսիոնալ և միևնույն ժամանակ մարդկային արվեստ ստեղծելու և դրա միջոցով արտահատվելու  և դրդելու ձգտումը: Դա գոռոցի պես մի բան է ինձ համար, որը չեմ կարողանում զսպել և չեմ էլ ուզում:

Ձեր կարծիքով, լավ ներկայացումը կարող է փոխել հանդիսատեսին, կրթել։

- Այն կարող է կրթել, կարող է և փոխել, կարող է … բայց պարտավոր չէ, իսկ այ դրդել, հուզել պարտավոր է:



 Ըստ Ձեզ, ե՞րբ է ներկայացումը համարվում հաջողված՝ ստացված։

-Ներկայացումը հաջողված է, երբ հանդիսատեսին պատճառել է գեղագիտական հաճույք, տվել է մտքեր և մտորումների առիթներ և մնացել է հանդիսատեսի հետ:

Եվ վերջում, ի՞նչը կարող է հանիդսատեսին դրդել հաճախել թատրոն։

-Մարդը թատրոնում փնտրում է մարդուն, մարդկայինը, մարդու կենդանի արվեստը: Հենց այս ակնթարթի մեջ ստեղծվող և ավարտվող, ինչպես մարդու կյանքը: