Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-06-2019
«Տպավորություն է, որ սեփական հայրենիքում եմ». Վերոնիկա Ջիոեւա
Հունիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ աշխարհահռչակ օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեւան:
Նրան նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչեցին Մոցարտի, Վերդիի, Մասնեի, Հալեվի, Ջորդանոյի օպերաներից հայտնի արիաներ:

Վերոնիկա Ջիոեւան առաջին անգամ է Հայաստանում, սակայն հասցրել է արդեն մեր երկրի մասին լավագույն տպավորությունները ձեռք բերել. «Տպավորություն է, որ սեփական հայրենիքում եմ: Ինձ համար երևանյան համերգն առանձնահատուկ է. առաջին անգամ եմ ելույթ ունենում հայ հանդիսատեսի համար,- նշեց Վերոնիկա Ջիոեւան և հավելեց,- համերգային ծրագիրը կազմված է իմ ամենասիրելի ստեղծագործություններից, որոնք արդեն սիրում է նաեւ հանդիսատեսը»:

Անդրադառնալով հայկական ստեղծագործություններին՝ երգչուհին նշեց, որ դրանք շատ գեղեցիկ են, և կցանկանար ապագայում կատարել.  «Ես հաճախ եմ լսում ձեր ժողովրդական երգերն ու կոմպոզիտորների ժողովրդական ստեղծագործությունները»։

Նշենք, որ համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև բաս Սերգեյ Ստեփանյանը, որի հետ Վերոնիկա Ջիոեւան ծանոթացել է Իտալիայում, երբ հրավեր է ստացել ներկա լինել երիտասարդ երաժշտի համերգին: 

Պատկերասրահ՝ Վերոնիկա Ջիոեւան ելույթ ունեցավ Երևանում