Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 28-06-2019
AFFA հիմնադրամը մշակութային և փորձի փոխանակման հարթակներ է ստեղծում
Հունիսի 25-ին Մասիսի զարգացման հիմնադրամն AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ Արարատի մարզի Մասիս քաղաքում իրականացրեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի պաշտոնական բացումը:

Միջոցառումը կազմակերպված էր ՀՀ Մասիս քաղաքում երիտասարդական նախաձեռնությունների և Alliance Francophonie կազմում գտնվող երկրների միջև միջազգային կապերի ընդլայնման  աջակցության շրջանակում:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության և տեղական իշխանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, դեսպանատների, տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ի  ներկայացուցիչներ:

Միջոցառման հանրային նման հնչեղությունը պայմանավորված էր AFFA բարեգործական կազմակերպության և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից երկարաժամկետ և համակարգային այնպիսի ծրագրերի արդյունավետ իրականացմամբ, ինչպիսիք են` զանգվածային և մանկական սպորտի զարգացման նպատակով Ընտանեկան մարզահամալիրի շինարարությունը, Ֆրանկոֆոնիայի Զբոսայգու՝ որպես միջազգային և մշակութային հաղորդակցման հարթակի կառուցումը, Մասիսի դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի ներդնումը, երիտասարդների ինքնակառավարման և նախաձեռնողական հմտությունների զարգացման նպատակով Երիտասարդական կենտրոնի ստեղծումը, ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը:

«Մեր հիմնադրամի առաջնահերթ ուղղություններից Հայաստանի փոքր քաղաքների և տարածաշրջանների զարգացումն է` միջազգային լավագույն չափորոշիչների ու պրակտիկաների ներդրմամբ: Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերում քաղաքային և երիտասարդական նախաձեռնություններին, որոնք նպաստում են կրթության կատարելագործմանը, սպորտը դարձնում են հասանելի լայն զանգվածների համար, տարբեր երկրների բնակիչների համար ստեղծում են մշակութային և փորձի փոխանակման հարթակներ: Արդյունքում` բարելավում են քաղաքում կյանքի որակը: Մասիսի Երիտասարդական կենտրոնն արդեն 3 տարի է աջակցում է երիտասարդ բնակիչների նախաձեռնություններին, բացահայտելով իրենց ներուժը, զարգացնելով գործարարության ոգին և բարելավելով կենսամակարդակը»,- իր խոսքում նշել է AFFA հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը։



ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ողջույնի խոսքում ընդգծեց ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացմանն ուղղված կրթական, մշակութային եւ սպորտային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: 

Երիտասարդական նախաձեռնությունների աջակցությունը Մասիսի զարգացման հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից է: Երիտասարդներին ուղղված և նրանց մասնակցությամբ կյանքի կոչված յուրաքանչյուր նոր ծրագիր հիմնասյուն է դառնում երկրի զարգացման համար: Նախաձեռնություններն իրականցնելու հնարավորություններ ընձեռելով՝ հիմնադրամը Մասիսի երիտասարդ բնակիչներին օգնում է ավելի վստահ քայլել դեպի ապագա և գիտակցել իրենց ներդրումը թե’ քաղաքի և թե’ երկրի կյանքի զարգացման գործում: Այսպես, Մասիսի զարգացման հիմնադրամը, ընդառաջելով երիտասարդների ցանկությանն ու նախաձեռնությանը, Մասիսում ֆրանսիական թեքումով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախագիծ մշակեց: 

«Ուրախ եմ ողջունել Մասիսի երիտասարդությանը, հույս ունենալով, որ շատերին ապագայում կտեսնենք, որպես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող։ Որակյալ հիմնական կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում իր ազդեցությունն ունի գրեթե բոլոր ոլորտների վրա: Մենք աջակցում ենք Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են տալիս «Ֆրանսերենի ուսուցման լեզվաբանական ծրագրի» շրջանակում կատարելագործել կրթության մակարդակը՝ սկսած տարրական դասարաններից: Իսկ Ֆրանսիական համալսարանում ուսումը շարունակելու համար լավագույն շրջանավարտներին տրամադրված դրամաշնորհները շնորհալի երիտասարդներին հնարավորություն են ընձեռում ինտեգրվել ֆրանկոֆոն կրթական համակարգ և ստանալ ժամանակակից մրցունակ կրթություն։ Շնորհակալություն եմ հայտնում AFFA բարեգործական կազմակերպությանը և  հատկապես Լիլիթին, Ֆրանսիան իրենց սրտում պահելու համար։ Վաղվա օրն այս երիտասարդներին է, հենց նրանք են նպաստելու հայաստանի  զարգացմանը», - իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը:

2017 թվականի հունիսին Մասիս քաղաքում տեղի ունեցավ քաղաքի առաջին Ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը՝ Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: Մեկ տարի անց ֆուտբոլի մարզադաշտում անցկացվեց առաջին մրցաշարը, իսկ այս տարի գործարկվեց ամբողջ Համալիրը: Ընտանեկան նորակառույց մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: 

Հունիսի 25-ին Ընտանեկան նորակառույց մարզահամալիրի ֆուտբոլի մարզադաշտում անցկացվեց մինի ֆուտբոլի ֆրանկոֆոնիայի գավաթի եզրափակիչ մրցաշարը: Եզրափակչում Գավաթը վիճարկեցին ՀՀ Արարատի մարզի «Մասիսի գյուղատնտեսական քոլեջ», «Մարմարաշեն» և «Խարբերդ» թիմերը: Հաղթեց «Մասիսի գյուղատնտեսական քոլեջ»-ը և արժանացավ Ֆրանկոֆոնիայի գավաթին, որը հաղթող թիմին հանձնեցին AFFA հիմնադրամի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։  



Նշենք, որ մրցաշարը մեկնարկել էր 2019 թվականի հունիսի 15-ին, որին մասնակցել են 8 թիմ Արարատի մարզի տարածաշրջանից: 

Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի պաշտոնական բացման արարողությունը մեկնարկեց Կոմիտասի երգերի շարանով, որը կատարում էին Մասիսի Երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաները: Ֆրանկոֆոնիայի զբոսայգում Կոմիտասյան հնչյունները խորհրդանշական էին, որպես հիշատակում մեծն Կոմիտասի, ում  հուշարձանը  տեղադրված է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Երևան» պուրակում: 

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև ԹՈՒՄՈ ԹմբաԹա բենդը և երգիչ Հայկ Պետրոսյանը, ով կատարեց ֆրանսերեն երգեր։

Միջոցառման հյուրերն ընդգծեցին Հայաստանում Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA կազմակերպության կողմից իրագործվող բոլոր ծրագրերի բարձր մակարդակն ու մասշտաբայնությունը: Բարձր գնահատականի արժանացավ հատկապես այն փաստը, որ հիմնադրամը հաշվի է առնում երիտասարդ քաղաքացիների կարծիքը և նախաձեռնությունները, և աջակցում է նրանց մասնակցությանը քաղաքի և տարածաշրջանի կյանքի բարելավմանը, ներգրավելով միջազգային կառույցներից գործընկերներ և Ֆրանկոֆոն երկրների սփյուռքի ներուժը: Միջոցառմանը ներկա Ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի դեսպանությունների ներկայացուցիչները հավանության արժանացրին կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկարաժամկետ և համակարգային ծրագրերի իրականացման գաղափարը: Իսկ AFFA-ի հիմնադիրներն ընգծեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել լավագույն արդյուքների և Հայաստանի զարգացմամբ հետաքրքրված կողմերին հրավիրեցին միանալու ծրագրերին և ամրապնդելու միջազգային կապերը: