Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի
Տեղադրվել է 30-06-2019
Լուսինե Խաչիկյանի մենահամերգին հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր
Armenian National Music-ի նախաձեռնությամբ հունիսի 25-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը: Մենահամերգին հնչեցին Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Էլեն Յոլչյանի, Արսեն Բաբաջանյանի, Արթուր Աքշելյանի ստեղծագործությունները:



Armenian National Music-ի համահիմնադիր, կոմպոզիտոր Սերգեյ Ումրոյանը փաստում է՝ իրենց կազմակերպությունհը 2013 թվականից սկսած համացանցում ակտիվորեն տարածում է հայ երաժշտությունը՝ սկսած հոգևորից մինչև ժամանակակից արվեստ։ «Նպատակն է պրոֆեսիոնալ կերպով հնարավորինս լայն հանրությանը հասանելի դարձնել հայ երաժշտությունն իր լավագույն օրինակներով։ Հատուկ շեշտադրում ունենք կատարողական արվեստի վրա և այս տարվանից սկսած պլանավորում ենք իրականացնել համերգաշարեր պրոֆեսիոնալ հայտնի և անհայտ կատարողների մասնակցությամբ և այս նախագծի շրջանակում էլ ծնվեց միտքը իրականացնել հիանալի դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը բացառապես հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով»,-ասում է Սերգեյ Ումրոյանը:



Հավելենք, որ Լուսինե Խաչիկյանն ակտիվորեն մասնակցում է հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության տարբեր միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ կոմպոզիտորների միության կազմակերպած համերգներին` գարնանային և աշնանային համերգաշարերին, Երևանում, Սևանում, Ստեփանակերտում անցկացվող Տերտերյան ֆեստին, ինչպես նաև տարաբնույթ համերգային երեկոներին՝ պրոպագանդելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Մինչ այս՝ Լուսինե Խաչիկյանը հունիսի 21-ին հաջողությամբ ելույթ է ունեցել Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի, հունիսի 23-ին՝ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում: