Նյութը՝ «Հայկի Սերունդ» ՀԿ վարչությունից
Լուսանկարները՝ «Հայկի Սերունդ» ՀԿ վարչությունից
Տեղադրվել է 02-07-2019
«Հայորդիներ» IX բանակումը
Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է Շուշիի արվարձանում իրականացնել ավանդական դարձած «Հայորդիներ» IX բանակումը, որը կտևի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 4-ը։

Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել երեք հոսքով: Ճամբարին կմասնակցեն պատանիներ և երիտասարդներ Արցախից, Հաաստանից և սփյուռքից: 

Առաջին հոսքը կկայանա հուլիսի 9-18, որին կարող են մասնակցել 14-18 տարեկան պատանիներ և երիտասարդներ:

Երկրորդ հոսքին՝ հուլիսի 18-27-ը մասնակցելու են 18-35 տարեկան երիտասարդներ: 

Վերջին՝ երրորդ հոսքը, որը կմեկնարկի հուլիսի 28-ին և կավարտվի օգոստոսի 4-ին կընդգրկի համահայկական աշխարհագրություն։

Առաջին երկու հոսքերից յուրաքանչյուրը կընդգրկի 200 մասնակից, որից՝ 100-ը Երևանից և ՀՀ մարզերից, մյուս 100-ը՝ Ստեփանակերտից ու Արցախի շրջաններից։ 



«Հայորդիներ» բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն:

Միջոցառման նպատակն է՝ խթանել հայ երիտասարդության շրջանում հայրենաճանաչությունը, նպաստել Հայաստանում և Արցախում ապրող երիտասարդների միջև համագործակցության հաստատմանը, հիմնված՝ փորձի փոխանակման, համատեղ մշակված գաղափարների կյանքի կոչման, ինչպես նաև համահայկական միասնական դաշտի ձևավորման վրա, ամրապնդել հայ երիտասարդի ինքնագիտակցության մեջ՝ ՛՛մեկ ազգ, մեկ հայրենիք՛՛ կարևոր գաղափար-սկզբունքը։

«Հայորդիներ» բանակումներն  Արցախում իրականացվում են 2010 թվականից, որոնց շրջանակում իրենց մասնակցությունն են ունեցել ավելի քան 5000 երիտասարդ և պատանի Արցախից, Մայր Հայաստանից և Սփյուռքից։ Տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թվաքանակը և աշխարհագրությունը։ 

Այս տարի ճամբարի կազմակերպման աշխատանքներին իրենց աջակցությունն են բերել ԱՀ կառավարությունը, ՀՀ Ազգային Ժողովը, ՀՀ Պաշտպանության Նախարարությունը և անհատ գործարարներ։

«Հայկի Սերունդ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում ճամբարի բոլոր աջակիցներին, և ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում լուսաբանելու «Հայորդիներ» սկաուտական IX  բանակումը, որը տեղի կունենա ք. Շուշի, Մ. Լոռիս Մելիքով փ., 43 հասցեում տեղակայված «Հայկի Սերունդ» ՀԿ «Հայորդիներ» երիտասարդական ճամբարում։