Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-07-2019
«Սիրելիներից մի բաժանվեք...»՝ հույզերի պոռթկում Հ. Պարոնյան թատրոնի բեմում
Կնոջ և տղամարդու բնավորությունների բախման, միջանձնային խնդիրների և դրանց մասին միմյանց հետ չխոսելու և չարտահայտվելու պատճառով բաժանման եզրին հասած ամուսնական տարբեր զույգերի մասին է Նորա Գրիգորյանի բեմադրած «Սիրելիներից մի բաժանվեք...» ներկայացումը, որի առաջնախաղը տեղի ունեցավ հուլիսի 4-ին Հ.Պարոնյանի անվ. կոմեդիայի պետական թատրոնում:

Ներկայացում բեմադրելու առաջարկը Նորա Գրիգորյանը ստացել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանից և սիրով ընդունել այն:

«Սա իմ առաջին աշխատանքն է Հ. Պարոնյան թատրոնում: Անչափ շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին վստահության համար: Նա ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ, աշխատել և սիրել մի նոր հիանալի թատերախումբ` իր տաղանդավոր դերասաններով»,- նշեց բեմադրիչը, խոստովանելով՝ վերջին անգամ հայերենով ներկայացում բեմադրել է ուսանողական տարիներին,- «ստացվում է,  որ սա իմ առաջին հայալեզու բեմադրությունն է»:



Պիեսի ընտրության հարցում Նորան տատանվել է՝ այն պետք է համահունչ լիներ թատրոնի ձևաչափին:

«Վոլոդինը շատ հուզիչ է գրում, սակայն մինչ կընտրեինք որևէ ստեղծագործություն, երկար քննարկում ունեցանք պրն. Ղազանչյանի հետ՝ պիեսը պետք է լիներ և՛ երաժշտական, և՛ կոմեդիայի տարրերով: Ընտրությունը կանգ առավ «Սիրելիներից մի բաժանվեք» պիեսի վրա, որն անչափ մարդկային է»,- ընդգծեց բեմադրիչը:

Ներկայացման մեջ գլխավոր հերոսներ, կարծեք թե, չկան՝ տարբեր զույգեր են և ամուսնալուծության դատական գործընթացներ, սակայն գլխավոր առանցքում երիտասարդ զույգ է, որոնք որոշակի ճանապարհ անցնելով, հասնում են այն բանին, որ բաժանումից խուսափելն անհնար է, սակայն հետո են նրանք հասկանում, որ սիրում են միմյանց… 



«Մի փոքրիկ նրբերանգ կա այս ներկայացման մեջ՝ անկախ վեճերից ու դրանց ելքերից, բոլոր զույգերն էլ սիրում են միմյանց»,- նշեց Նորան, հավելելով, որ թեև պիեսն  ավելի շատ խորհրդային շրջանում ապրող ռուս զույգերի կյանքն է նկարագրում, այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծագում են նրանց հարաբերություններում, շատ մոտ են նաև մեր իրականությանը:

«Այսօր շատ զույգեր են բաժանվում, երիտասարդները երբեմն չեն զիջում միմյանց, արդյունքում կորցնում են այն, ինչ պետք է երկու ձեռքով ամուր պահել: Խոսքը ամենակարևոր ու թանկ զգացմունքի` սիրո մասին է: Հայրս ասում էր, որ բոլոր բեմադրություններում կյանքից փոքր մասնիկ է դնում։ Որոշեցի ինքս էլ իմ կյանքից զուգահեռներ անցկացնել, նմանեցնել, միացնել: Նման իրավիճակներ բոլորիս կյանքում էլ կարող են լինել»,- շեշտեց բեմադրիչը:

Ներկայացումը համեմված է հումորով, զգացմունքային պոռթկումներով, վեճերով և, իհարկե, սիրով: 

x

Սակայն բեմադրիչը ևս մեկ հետաքրքիր լուծում է գտել հանդիսատեսի մեջ հարցեր և մտորումներ առաջացնելու համար. առանցքային է այն միտքը, թե կա բնակարան, որի միջնապատը կիսում է հարազատներին և որը քանդել հնարավոր չէ: Եվ ամեն զույգ, բեմում առկա պատին նոր քար է և ամեն դատական վճռից հետո, այդ պատն ավելի լայն ու բարձր է թվում: Այնտեղ, որտեղ փլուզվում են հարաբերությունները, այդտեղ ամրանում է բաժանման պատը՝ ավելի բարձր ու ահռելի....

Հ. Պարոնյանի անվ. թատրոնում առաջնախաղն առանց գեղարվեստական ղեկավարի ներածության, իհարկե, պատկերացնելն անհնար է: Երվանդ Ղազանչյանը, ողջունելով հանդիսատեսին, նշեց՝ պատիվ է աշխատել իր լավագույն ընկերոջ Ալեքսանդր Գրիգորյանի դստեր հետ.

«Ես հուզված եմ. մոտ հինգ տասնամյակ բախտ եմ ունեցել Ալեքսանդր Գրիգորյանի հետ միասին տառապանքով, երբեմն ուրախ, երբեմն տխուր կամ նեղացած, քարշ տալ հայ թատրոնի լուծը Երևանում: Իսկ Ալեքսանդր Գրիգորյանը՝ Նորայի հայրը, նույն տառապանքով մոտ հինգ տասնամյակ մեզ դարձրել է ռուսական թատրոնի նվիրյալ և սիրահար»,- նշեց Երվանդ Ղազանչյանը և հավելեց,- «Ես նաև երջանիկ եմ, որ այսօր նրա գործը շարունակում է դուստրը՝ Նորան»:



«Սիրելիներից մի բաժանվեք» ներկայացման մեջ զբաղված են Հ.Պարոնյանի անվ. կոմեդիայի պետական թատրոնի տարբեր սերնդի դերասաններ՝ Վարդան Կուղյանոսյանը, Սոնա Մուրադյանը,Արև Հակոբյանը, Զարուհի Խաչատրյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Արթուր Գեղամյանը, Աշոտ Հակոբյանը, Անի Քոչարյանը, Արամ Մխիթարյանը, Լուսինե Արշակյանը, Սերգեյ Ոսկանյանը, Հասմիկ Վերդյանը, Կարինե Բուռնազյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Գարիկ Ասատրյանը, Էլեն Աղամալյանը, Վարդգես Բարսեղյանը, Մարիամ Գրիգորյանը և Շողեր Խաչատրյանը: Պիեսը հայերեն թարգմանել է Կարո Վարդանյանը, բեմանկարչության հեղինակը Լուսինե Կարապետյանն է, իսկ պարերը բեմադրել է Նաիրա Հովհաննիսյանը: