Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 10-07-2019
Տարբեր երկրներից հայրենիք ժամանած հայ երիտասարդները հանդիպեցին Արցախի հոգևոր և պետական առաջնորդներին
Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացության շրջանակներում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 270 երիտասարդներ Ստեփանակերտում հանդիպում ունեցան Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Աղոթքից և ողջույնի խոսքերից հետո Արցախի թեմի առաջնորդը դիմեց երիտասարդներին՝ ավետելով. «Դուք պետք է դառնաք լավագույն  զավակները մեր եկեղեցու, մեր ազգի և շատ պիտանի լինեք մեր հայրենիքի համար: Ուր էլ որ լինեք ի սպաս դրեք ձեր ողջ կարողութունը, որ զորեղ լինի մեր հայրենիքը և մեր ազգը: Սրբավայրից սրբավայր ուխտի գնալով երիտասարդները պետք է զորացնեն մեր եկեղեցին ու հավատը: Ես մի կարգախոս ունեմ, որն իմ կյանքի սկզբունքն է՝ հայը հայի համար պետք է դիտվի որպես սրբություն: Ամենաթանկ բանը մեզ համար հայն է: Որտեղ էլ որ տեսնեք, օգնեք, ուս ուսի տվեք. եթե մենք մեզ չօգնենք, ուրիշ ոչ ոք մեզ չի օգնելու: Եթե օգնի, իր շահերից ելնելով է օգնելու»,- իր ելույթում նշեց Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և խոսքը եզրափակեց երիտասարդներին ուղղված պատգամով. «Որպես մարդ՝ շատ լավը եղեք, որպես քրիստոնյա՝ զորեղ հավատք տարեք, մաքուր եղեք և դա բավական կլինի, որ Աստված ուրախանա, ազգը ուրախանա և նախնիները հպարտանան Ձեզանով»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» նախաձեռնությունը, ապա շարունակեց. «Ուզում եմ, որպեսզի դուք, անկախ Ձեր ծանրաբեռնվածությունից, անպայման ժամանակ գտնեք՝  ամեն անգամ հայրենիք այցելելու: Ձեզնից յուրաքանչյուրը աշխարհի որևէ մի այլ հատվածից չի կարող ստանալ այն ամենը, ինչը կարող է տալ հայրենիքը: Մենք պատրաստ ենք այս հաճելի, իմաստություն և բովանդակություն պարունակող նախաձեռնության կազմակերպիչների հետ համատեղ աշխատել և ստեղծել այդ հնարավորությունը: Ձեզ աշխարհի ոչ մի անկյունում այդքան չեն սպասում, որքան հայրենիքում: Հատկապես մեր հայրենիքի արցախյան հատվածում, որտեղ գիտակցված ընտրություն են կատարել և գիտակցված մարտնչում են: Ուզում եմ, որ դուք հաճախ լինեք հայրենիքում, և այդ ժամանակը մենք փորձենք օգտագործել ոչ միայն տեսարժան վայրեր այցելելով, այլ փորձենք այդ այցելությունները ամեն կերպ վերածել գործողությունների, պայմանավորվելու, քննարկելու, թե ինչպես ենք մենք ձեզ հետ միասին կերտելու մեր հաջորդ հաջողությունները բոլոր առումներով»: 

Բակո Սահակյանը, իր խոսքն ուղղելով երիտասարդներին, խնդրեց և հորդորեց. «Մի լսեք բոլոր նրանց, ովքեր խոսում են պարտվողական մտածելակերպի մասին: Չի լինելու այդպիսի բան: Մենք չենք հրաժարվելու այն ամենից, ինչը ձեռք է բերվել արյան գնով: Մենք չենք ենթարկվելու որևէ սադրանքի և Աստծո կողմից մեզ շնորհված այդ հատկանիշների շրջանակներում շարունակելու ենք մեր պարտականությունների կատարումը, ստեղծելու ենք նախադրյալներ՝ ձեզ հետ միասին հաջորդ մեր հաջողությունները արձանագրելու համար»:



Արցախի նախագահը նաև պատասխանեց երիտասարդների հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Սիրիահայոց թեմի առաջնորդ  Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը,  Իտալիո Հայոց հոգևոր հովիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պետական այլ այրեր: 

Երիտասարդ ուխտագնացներին դիմեց Սիրիահայոց թեմի առաջնորդ  Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը. «Մենք եկել ենք Արցախ ոչ թե պտույտի, այլ ուխտագնացության: Ահա մենք այստեղ ենք՝ տեսնելու այն, ինչը մեր պապերը երազեցին, աղոթեցին, մաքառեցին, բայց արդյունքում աչքերը գոցեցին՝ իրենց այդ տեսիլքը սրտի մեջ վառ պահած: Մենք նրանց այդ երազը ապրում ենք այսօր: Այդ ուրախությամբ ենք եկել: Եվ հիմա մենք քայլում ենք Արցախի, Հայաստանի հողի վրայով: Պիտի խնդրեմ, որ ամեն անգամ, երբ կքայլեք, Ձեր ոտքերը զգուշությամբ դրեք հողին, որովհետև այն սրբագործված է  մեր նահատակների արյունով: Մենք, որ այդ հողի տերն ենք, պետք է փայփայենք և գուրգուրենք այն, պետք է պահենք մեր հողը՝ լինելով վկաները, դեսպանները հաղթանակած Արցախի: Մենք ենք այս պատմության ընթացքի ազատ, անկախ Հայաստանի և Արցախի հաղթանակած հերոսական մեր ժողովրդի 21-րդ դարի սերունդը»:

Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կարևորեց, որ աշխարհի տարբեր երկրներից հայրենիք վերադարցած երիտասարդները ներշնչվելու են հայրենի  հողի քաջությամբ, այս հողի մեջ լցված սիրով, մաքառումով և անպարտելիությամբ. «Թող Աստված հաստատուն պահի այն բոլոր արժեքները, որ տիրոջից սերմանված է մեր երկրի, մեր հայրենիքի մեջ: Որպես հաղթանակած ժողովրդի հաղթանակած զավակներ ապրեք կյանքը՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները»:

Հանդիպումը ինչպես սկսվեց, այնպես էլ ավարտվեց Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից հնչեցված աղոթքով:

Հ. Գ. ։ Մինչ Արցախ մեկնելը ուխտավոր երիտասարդները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացել էին վեհափառ Հայրապետի օրհնությունը: