
Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված hոբելյանական hամերգը ներկայացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
Միջոցառմանը ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան):
«Համերգին մասնակցելու են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի առաջատար կոլեկտիվներից երեքը: Կարծում եմ՝ այս համերգը կլինի տարվա ամենամեծ ծրագրերից մեկը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը
Համերգի առաջին մասը, որը ղեկավարելու է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, նվիրված է լինելու Կոմիտասին: Մլքեյանը նշեց, որ համերգի օրը հոգևոր երաժշտության ներկայացում չի նախատեսվում: Կոմիտասից կհնչեն միայն աշխարհիկ ստեղծագործություններ՝ խմբերգեր, մշակումներ՝ կամերային նվագախմբի համար արված:
Իսկ երկրորդ մասը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, նվիրված է լինելու Հովհաննես Թումանյանին: Երկրորդ հատվածում հնչելու են մշակումներ՝ Թումանյանի խոսքերով, Թումանյանի գրվածքների հիման վրա հայ կոմպոզիտորների կողմից տարբեր տարիներին գրված մեներգեր, խմբերգեր և այլ ստեղծագործություններ: Հատվածներ կհնչեն «Անուշ» օպերայից, որը մշակել է Ստեփան Շաքարյանը:
Հոբելյանական համերգի տոմսերը վաճառքում են: