Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-07-2019
Բարեգործական համերգ՝ Արա Գևորգյանի մասնակցությամբ
18 տարի անց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը հանդես կգա «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող մենահամերգով:

Երկար տարիների դադարից հետո Արա Գևորգյանն առաջին անգամ բեմ կբարձրանա: 2019 թվականի սեպտեմբերի 7-ին՝ 19։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հայ երաժիշտ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի մեծ մենահամերգը: Այս տարին նաև հոբելյանական է. լրանում է 40 տարին, ինչ Արա Գևորգյանը բեմում է: 

«Ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել, ոչ մի անգամ չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- կարևորեց Արա Գևորգյանը։

Մենահամերգը կայանալու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պարի պետական անսամբլի մասնակցությամբ։  

Համերգի  ամբողջ հասույթը փոխանցվելու է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին:

«Դու պիտի ճախրես» համերգը բարեգործական է: Ամբողջ հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Համերգի կազմակերպիչները համագործակցում են «City of Smile Charitable Foundation» հիմնադրամի հետ: Հիմնադրամի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշում է, որ փորձում են այնպես անել, որ երեխաների ծնողները իսկապես որպես այսպիսին մտածեն ոչ թե ֆինանսական խնդիրների մասին, այլ մտածեն իրենց երեխաների կողքին լինելու մասին։