Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էմմա Մաթևոսյանի
Տեղադրվել է 24-07-2019
Ջիվանական օրեր՝ Ջավախքի Կարզախ գյուղում
Հուլիսի 20-ին և 21-ին Ջավախքի Կարզախ և Գանձա գյուղերում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը տեղական իշխանությունների հետ համատեղ իրականացրեց «Ջիվանական և տերյանական օրեր» տոնակատարությունները:

Ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) պատվիրակությունը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ, Վրաստանի և Հայաստանի պետական պաշտոնյաներ, տեղական իշխանությունների ներկյացուցիչներ, գործարարներ, տարբեր երկրներից ժամանած հյուրեր։ 

Միջոցառումների մեկնարկը տրվեց գոհաբանության աղոթքով՝ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում։ Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց Ջիվանու կիսանդրու մոտ և այցելություն՝ մեծն աշուղի տուն-թանգարան։ 

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն իր ելույթում նշեց, որ Ջիվանու «ջուխտակ շամամները» լավագույնն են և անփոխարինելի՝ մոր մեծարման գործում։  «Նա պայծառ հայացք ունի դեպի ապագան և իրականում դա ճիշտ է, քանի որ մեզ պայծառ ապագա է սպասվում, այդ թվում՝ նաև հայ-վրացական բարեկամությանը՝ իրական և ամուր»,-ասաց Շիրակ Թորոսյանը և իր ելույթը եզրափակեց Ջիվանու խոսքերով․«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի խոսքով՝ Ջիվանու արվեստը խորությամբ և բարձրությամբ այնքան մեծ է, որ ցանկացած տարի նոր խոսք կասվի նրա մասին։ Այս տոնակատարությունները նաև ազգային են, ինչպես նաև հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դրսևորում։ 

«Կարզախ գյուղը շնորհիվ Շիվանու և նրա տուն-թանգարանի այսօր մեծ հեղինակություն է վայելում։ Թանգարան են այցելում դպրոցների երեխաներ՝ տարբեր տարածաշրջաններից։ Անշուշտ, սա լավ հնարավորություն է նաև զբոսաշրջության զարգացման համար»,-նշեց Սոս Սահակյանը և հավելեց, որ այս տարի այցելուների աննախադեպ աճ է գրանցվել, ինչը ողջունելի և ուրախացնող փաստ է։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը խոսելով օրվա խորհրդի մասին նշեց․ «Օրն իր ամբողջ էությամբ և կառուցվածքով Ջիվանուն է նվիրված։ Բոլորս գիտենք, որ նա հայ աշուղական արվեստում կարևոր և մեծ նշանակություն ունի։ Երկու «հսկաներ»  Ջիվանին և Տերյանը հարստացրել են առանց այն էլ հարուստ հայ մշակույթը, արվեստը, երգը։ Ես վստահ եմ՝ Ջիվանին ապրում է և ապրելու է, քանի որ մենք լսում ենք նրա երգերը, ավելին՝ Ջիվանին ապրեցնում է հային, հայի տեսակը, ավանդական հայի տեսակը, քանի որ նրա երգերը նաև ուսուցողական են, խոսք կա ասված, որը ժողովրդի համար կարևոր է և անհրաժեշտ»։

Նշենք, որ ներկա էր նաև Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը, ով լրագրողների հետ կիսվեց իր մանկության հիշողություններով․ «Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին փոքր տարիքում կորցրել է ծնողներին, սակայն եղել է մարտիկ, որը պայքարել է՝ ինքն իրենով, ինքն իր դեմ։ Եվ ի վերջո՝ հաղթել։ Ջիվանու՝ երեխաներին ուղղված նամակները կարդալիս են կարողանում հասկանալ, որ հենց դա է կյանքը»։ 

Ծոռը մեծ ցանկություն հայտնեց, որպեսզի առավել շատ լսեն Ջիվանու ուրախ երգերը։ 

Նշենք, որ միջոցառումների շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ կատարումներով հանդես եկան Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, հայտնի երգիչներ, պարային համույքներ։ 

Պատկերասրահ՝ Ջիվանական օրեր - 2019