Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Նազելի Գրիգորյանի
Տեղադրվել է 26-07-2019
«Էլեկտրոնային երաժշտության սոցիալական բաղադրիչը»․ կայացավ «ՇԱՌԺ» միջոցառումը
Օրերս Երևանի Բուսաբանական այգում կայացավ YERAFAZZ Production-ի կողմից կազմակերպված «ՇԱՌԺ» միջոցառումը։

Նախագիծ, որն ուղղված էր ոչ միայն Երևանում էլեկտրոնային երաժշտություն լսելու մշակույթի զարգացմանը, այլև՝ Բուսաբանական այգում փուլային եղանակով արևային ինքնաբավ լուսավորման ծրագրի ներդնմանը։ Միջոցառման առաջնային նպատակը այգուն նոր և ժամանակակից շունչ հաղորդելն ու քաղաքացիներին կարևոր մի նպատակի շուրջ համախմբելը էր՝ համատեղելով հաճելին կարևորի հետ։

«Հենց Բուսաբանական այգում լավ միջոցառում կազմակերպելու միտքը շատ հանկարծակի ծագեց․ ընկերներով հաճախ ենք Բուսաբանական այգում լինում, իսկ երեկոյան այստեղ կողմնորոշվելն անհնար է լուսավորության բացակայության պատճառով։ Այդպես էլ ծնվեց ինչ-որ լուծում գտնելու գաղափարը, իսկ լուծումը մենք գտանք այս ձևաչափի մեջ՝ օգտակար լինել, միաժամանակ, վայելել հաճելի ժամանաց»,- նշեց նախագծի համահեղինակ Էդգար Ջերեջյանը, հավելելով,- «Նախագիծը միանշանակ ընդունվեց սոցիալական բաղադրիչի մասով․  անկախ այն բանից, մարդիկ սիրում են էլկտրոնային երաժշտություն, թե ոչ։ Ի դեպ, քաղաքի ամենահին այգին միշտ էլ զբոսնելու, լուսանկարվելու սիրված վայր է եղել և շարունակում է մնալ»։

Երևանը էլեկտրոնային երաժշտության ասպարեզում մեծ ներուժ ունի, վստահ է YERAFAZZ Production-ի համահիմնադիրը և այս նպատակով էլ օրվա հատուկ հյուրն է Ռուսաստանից հայտնի տանդեմ Fake Mood-ը:



«Տեսնելով, օրինակ, Թիֆլիսում էլեկտրոնային երաժշտության զարգացման միտումը, մասայականությունը՝ հասկացանք, որ պետք է կամուրջ ստեղծել և սա այդ հազարավոր կամուրջներից մեկն է։ Քանի որ չեմ սիրում թերագնահատել մերը, նշեմ, որ «ՇԱՌԺ»-ին միացել են նաև մայրաքաղաքի լավագույն DJ-ները՝ Yuzza, Bagratouni, Araqell, Serjo, Gagik Gag Muradyan, Supacooks, Rache: Իսկապես, հույս ունենք, որ կհաջողենք այս միջոցառումը և այն շարունակական կլինի»,- նշեց Էդգար Ջերեջյանը։

«ՇԱՌԺ»-ը նաև YERAFAZZ Production-ի կոնսոլիդացիայի կոչն է հանրությանը, Էդգարը վստահ է՝ պետք է ցանկացած լավ նախագծում անշահախնդիր լծվել գործի, անկախ այն բանից՝ ով է կազմակերպում, որտեղ և ինչ բնույթ ունի նախագիծը, կոմերցիոն է այն, թե՝ ոչ, պետք է  կարևորել հանրօգուտ լինելը և օգտագործել սեփական լծակներն այդ գաղափարն իրագործելու համար։

Նախագծի մեկնարկը տրվեց անմիջապես միջոցառման ավարտին և որպես ծրագրի առաջին հատված՝ այգու հիմնական մուտքից մինչև կամարի ավարտը լուսավորվեց, ինչպես և նախատեսված էր, արևային ինքնաբավ լուսավորությամբ։

Միջոցառման կազմակերպիչները փաստում են՝ դրական արձագանքները բազմաթիվ են, երևանաբնակները հույս ունեն տեսնել այգին ավելի բարեկարգ և լուսավոր, իսկ Yerafazz Productuon թիմը՝ լիահույս, որ «ՇԱՌԺ» միջոցառումը կհամախմբի բազմաթիվ մարդկանց այս նպատակի իրագործան շուրջ։

Պատկերասրահ՝ «ՇԱՌԺ» միջոցառումը