Լուսանկարները՝ Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդից

Այն իրականացվեց Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում:
Քառօրյա փառատոնը հագեցած էր մշակութային, կրթական, մարզական բազմաբնույթ միջոցառումներով:
«Մշակութային օր»
Հուլիսի 23-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը բացվեց ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ցուցադրվեցին համայնքի անվանի գեղանկարիչների, փայտագործների լավագույն աշխատանքները:
Մեկ հարկի ներքո ցուցադրվեցին նաև համայնքի գրեթե բոլոր բնակավայրերի կերպարվեստի խմբակների սաների ստեղծագործությունները:
Փառատոնի բացման արարողությանը ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, արվեստագետներ, այլ հյուրեր:
«Կրթության օր»
Հուլիսի 24-ին Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի ունեցավ բաց դաս՝ «Մասնագիտական կողմնորոշում. սեփական գո՞րծ, թե՞ կարիերա» թեմայով: Ինտերակտիվ դասախոսությունը վարեց կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը:
«Սպորտային օր»
Հուլիսի 25-ին փառատոնի շրջանակում տեղի ունեցավ վազքի մարաթոն՝ Կածարաթ տեղանքից դեպի Տավուշ բերդ(5կմ մրցատարածությամբ )։ Մասնակցեցին 16-30 տարեկան երիտասարդներ՝ Բերդ քաղաքից և համայնքի գրեթե բոլոր բնակավայրերից:
Հուլիսի 26-ին «Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնը» եզրափակվեց համերգային ծրագրով:
Նախքան համերգային ծրագրի մեկնարկը՝ կայացավ փառատոնի շրջանակում տեղի ունեցած մրցավազքում հաղթող ճանաչված մասնակցիների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ներկաներին, հատկապես՝ երիտասարդներին, իրենց խոսքն ուղղեցին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո ելույթ ունեցան սիրված և ճանաչված երգիչներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը,Արսեն Գրիգորյանը(Ասո), Սեդրակ Պապյանը, Դավիթ Խաչատրյանը, Գևորգ Խաչատրյանը,Սոնա Վարպետյանը:
«Բերդ համայնքի առաջին երիտասարդական փառատոնն» իրականացվել է Բերդի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի կողմից՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում:
Փառատոնի իրականացմանն աջակցել են Բերդի համայնքապետարանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը՝ համագործակցելով «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ: