Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Մաիլյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-07-2019
«Եկ քեզ խտիմ». Լիլիթ Մաիլյանի գույների աշխարհն ու ինքնատիպ բրենդը
Eritasard.am պորտալը «Made in Armeina»` Արտադրված է Հայաստանում վերտառությամբ շարք է սկսում, որի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել տեղական ամենատարբեր արտադրողների ու բրենդներ, ներկայացնել երիտասարդ գործարարների ու նրանց հաջողության պատմությունները:

Շարքի առաջին պատմությունը Արցախից է...

Մասնագիտությամբ տնտեսագետ 24 ամյա Լիլիթ Մաիլյանը աշխատում է Արցախի էկոնոմիկայի նախարարությունում որպես ֆինանսիստ: Համալսարանն ավարտելուց և աշխատանքի անցնելուց հետո սակայն Լիլիթը հասկացավ, որ իրեն ինչ-որ մի բան պակասում է, և դա արվեստն է, իսկ ավելի կոնկրետ նկարչությունը:  



Լիլիթը պատմում է, որ նկարել սկսել է երեք տարեկանից, նկարչության, գրաֆիկայի խմբակների է հաճախել ու ինչքան իրեն հիշում է՝ ինքն ու արվեստն անբաժան են եղել: Եվ դժվար չէր կռահել, որ թվերի ճշգրիտ ու պրակտիկ աշխարհում իրեն պակասում են ներկերն ու գույները: Առաջին բանը, որ նա արեց, իր ընկերների և հարազատների համար տոներին ընդառաջ ձեռագործ բացիկներ պատրաստելն էր, որոնք նկարազարդում էր և արցախյան բարբառով արտահայտություններ գրելով՝ դրանց յուրահատուկ համ ու հոտ հաղորդում. «Հիմնականում այնպիսի արտահայտություններ էի գրում, որ հասցեատերն այն վերցնի ձեռքն ու ջերմություն զգա, դեմքին ժպիտ հայտնվի: Մի օր էլ մտքովս անցավ, որ դա կարող է նաև սպառողին հետաքրքրել: Հետաքրքրվեցի և իմացա, որ դեռևս ձեռագործ բացիկներ չկան վաճառքում: Հաջորդ քայլը չուշացավ, ծաղիկի խանութում միջոցառում կազմակերպեցի և ներկայացրեցի իմ ձեռագործ բացիկները: Միտքը դուր եկավ մարդկանց ու սկսեցին պատվիրել», հիշում է Լիլիթն ու ավելացնում, որ ընթացքում զգացել է, որ հետաքրքրությունը հատկապես մեծ է բարբառով գրված բացիկների նկատմամբ: Երկար չանցած դրանք սիրվեցին, մի քանիսն էլ բեսթսելլեր դարձան. «Մի բացիկ կար՝ պինգվիններ էին, թևերը բացում էին, իսկ ներսում գրված էր «եկ քեզ խտիմ»՝արի քեզ գրկեմ: Հատկապես այս մեկը դարձավ բոլորի սիրելին»:



Չուշացավ նաև արցախյան բարբառի ջերմ ու մտերմիկ արտահայտություններով բաժակների շարքը, որոնք Լիլիթը նկարազարդում է ջրաներկով և ավելացնում նկարին հատուկ գրությունը: Երկու տարիների ընթացքում Լիլիթը 300-ից ավելի բաժակ է ստեղծել՝ օգտագործելով բազմաթիվ բարբառային արտահայտություններ՝ «ղաթումը չայ խըմե»՝ մեկ-մեկ թեյ խմիր, «ապրիս, վեր միշտ կողքիսըս»՝ շնորհակալ եմ, որ կողքիս ես, «ծերքըս պեց չի թողիս»՝ ձեռքս բաց չթողնես, սակայն բաժակների դեպքում ևս ամենասիրվածը «եկ քեզ խտիմ» գրությամբ բաժակներն են:

«Հաճախորդներիս միշտ ասում եմ, որ ամեն մի նվերի մեջ մեսիջ կա, պետք է հասկանալ՝ ո՞վ է հասցեատերը, ի՞նչ են ուզում ասել այդ մարդուն, որն է այն արտահայտությունը որն ամենաշատն են ասում այս կամ այն մարդուն, մտերիմին, սիրելիին ու այսպես ծնվում են հետաքրքիր ու մտերմիկ գրությունները: Միակ նախապայմանն այն է որ արտահայտությունները այնպայման բարբառով պետք է լինեն»:



Բացի բաժակներից, Լիլիթը նաև կերամիկական սպասքի վրա է նկարում ու գրում: Լիլիթը առայժմ միայն օնլայն տարբերակով է աշխատում, ասում է՝ պահանջարկը մեծ է, Ստեփանակերտն էլ փոքր քաղաք, բոլորն իրար ճանաչում են, հեշտությամբ գտնում, կապ հաստատում ու պատվիրում։ Եվ այն որ աշխատաշուկայում Լիլիթից բացի այս գործը ոչ ոք չի անում, ավելի է հեշտացնում Լիլիթի գործը, սակայն նա սպասում է, որ դաշտում մրցակիցներ  հայտնվեն՝ մրցակցություն լինի, ինքն էլ, էլ ավելի մեծ եռանդով աշխատի:

Իսկ հաջողության հասնելու համար Լիլիթի կարծիքով նախևառաջ պետք է անմնացորդ սիրել այն, ինչն անում ես. «Այն, ինչ ստեղծում ես սիրով, միանշանակ, շատ ավելի լավ է ստացվում: Հետո շատ կարևոր է ստեղծել պահանջարկ, որը և՛ շատ դժվար է, և՛ շատ հեշտ: Փորձեք ստեղծել մի բան, որը դեռ ոչ ոք չի արել, և որի կարիքը մարդիկ ունեն: Մտածեք, թե ինչ կառաջարկեիք ձեր ընկերներին, մտերիմներին, սպառողին… Այս դեպքում հաջողությունն անխուսափելի է»։