Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Տաթևիկ Ղազարյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-07-2019
«Ես Վանաձորի լրագրության ոլորտի զարկերակն եմ»․ Տաթևիկ Ղազարյան
Eritasard.am-ն իր ընթերցողներին է ներկայացնուm նոր հեղինակային շարք՝ «Վանաձորի զարկերակը», որը նվիրված է Վանաձորի՝ 2019թ․Երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուն։ «Վանաձորի զարկերակ»-ի հերոսները կլինեն իրենց ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդներ, որոնք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելով՝ ապահովում են ակտիվություն։

Եվ այսպես, շարքի առաջին հերոսը Տաթևիկ Ղազարյանն է։ Տաթևիկը 27 տարեկան է, Վանաձորում ապրում է ծնված օրվանից։ Սովորել է Վանաձորի պետական համալսարանում, մասնագիտությամբ լրագրող է։ Տաթևիկը Վանաձորի ամենաակտիվ լրագրողներից է․ ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում։  

Որոշեցի դառնալ լրագրող, որովհետև․․․

սիրել եմ շատ։ Ինչպես շատերի, այնպես էլ ինձ համար, լրագրողը եղել է կապույտ էկրանից խոսող անձնավորությունը: Հետո, երբ որոշեցի ընտրել լրագրության ոլորտը, ամեն ինչ փոխվեց: Հասկացա, որ լրագրությունն ապրելակերպ է, ոչ թե մասնագիտություն: Եվ ինչպես մի հայտնի մարդ է ասել՝ «Լրագրողների առաքելությունն է հանգստացնել անհանգստացածներին և անհանգստացնել՝ հանգստացածներին»:

Որպես լրագրող աշխատում եմ․․․ 
10 տարի։ Համալսարան ընդունվելուն զուգահեռ աշխատանքի եմ անցել «Միգ» ՀՌԸ-ում, իսկ հետո սկսել եմ աշխատել նաև տարբեր լրատվական կայքերում: 

Մարդկանց փորձում եմ ապահովել․․․

հնարավորինս արագ և ճիշտ լրատվություն: Սիրում եմ նաև մարդկային պատմությունները, որպեսզի վանաձորցիները ճանաչեն իրենց համաքաղաքացիներին:



Լուսաբանում եմ Վանաձորի․․․

Բոլոր ոլորտները։ Փոքր քաղաքներում լրագրության մեջ ոլորտային բաժանում գրեթե չի լինում․ Վանաձորն էլ այդ քաղաքների թվում է։

Վանաձորի երիտասարդներն ամենա․․․

երիտասարդներն են, ամենաջիգյարով, ամենապայծառ, մի քիչ էլ՝ ամենամուննաթը (ժպտում է):

Ես որպես երիտասարդ փորձում եմ Վանաձորի համար…

անել այն, ինչ իմ մասնագիտական հնարավորությունները թույլ են տալիս։ Այսինքն՝ աշխատանքիս միջոցով բարձրաձայնել առկա խնդիրները, դրանք հասցնել պատկան մարմիններին: Շատ հարցերում նաև հանգել դրական լուծումների:

Վանաձորն ինձ համար․․․

վայր է, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում։



Ես Վանաձորի համար․․․

մարդ եմ, որը սպասում է քաղաքի գեղեցիկ ապագային:

Վանաձորի բարբառով ամենասիրելի արտահայտություններս են․․․

«Ազիզ, լա դենը», «Ազիզ, սա Կիրովականն ա»

Քաղաքում ամենասիրելի վայրս․․․

արհեստական լճերի տարածքն ու մեր բակն են: 

-Ես Վանաձորի․․․ 

լրագրության ոլորտի զարկերակն եմ՝ մյուս գործընկեներիս հետ միասին։ Բացի այդ, սիրում եմ Վանաձորը ցույց տալ նկարների միջոցով,  հատկապես վաղ առավոտյան, երբ քաղաքը նոր է արթնանում: