Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արսեն Պետրոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 30-07-2019
Արսեն Պետրոսյան. «Դուդուկի հետ միշտ պայքարի մեջ ես՝ պետք է միշտ հաղթես իրեն»
Հայկական դուդուկը ամենախորհրդավոր, առեղծվածային երաժշտական գործիքներից է աշխարհում։

Ծիրանի ծառից պատրաստված այս հասարակ գործիքը ի զորու է անասելի խորության հնչյուններ արտաբերել։ Դուդուկի երաժշտությունը ստիպում է ծիծաղել, տխրել, լացել և պարել…

Երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանն ասում է, որ տարիներ շարունակ այս գործիքի հետ աշխատելով, սկսել է հասկանալ նրա բնավորությունը. «Ժամանակի հետ սկսում ես հասկանալ գործիքին՝ ուրիշ ձև ես ընկալում: Նույնը չէ, ինչ որ երեք տարի առաջ, նույնը չէ, ինչ որ երկու տարի առաջ: Ժամանակ առ ժամանակ ուշադրություն ես դարձնում, թե ինչ է փոխվել քո մեջ, ինչ ձև ես մոտենում, ինչ ձև ես ընկալում գործիքին: Մանավանդ, երբ խոսքը դուդուկի մասին է: Տեսքից շատ պարզ այս գործիքը՝ ծիրանի փայտն ու ղամիշը շատ խորություններ և նրբություններ ունեն, որոնք պետք է անընդհատ բացահայտել: Օրինակ՝ նկատել եմ, որ դուդուկի բնավորությունը կախված է նաև ղամիշից , ամեն ղամիշ մի բնավորություն ունի: Կենդանի օրգանիզմ է, ինքան երկար է ապրում, ինչքան ծիրանի փայտը հնանում է ձայնը փոխվում է, բացվում է, այլ կերպ է հնչում»:



Երիտասարդ դուդուկահարը դուդուկի հնչյուններն ու հայկական ելևէջները ներկայացնում է աշխարհի տարբեր բեմահարթակներից: Ընդ որում դուդուկահարը համագործակցում է նաև այլազգի երաժիշտների հետ, դուդուկին հաղորդելով  հունական, դանիական և այլ երկրների երաժշտական հնչեղություն:

Հունվար ամսից երաժիշտը համերգային շրջագայություններ է ունեցել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Օգոստոսին էլ ֆրանսիայի Շամոնիկ հանգստյան գոտում տեղացի երեաժիշտների հետ պետք է ներկայանա համերգային ծրագրով: Այնուհետև իր կվարտետի հետ փառատոների կմասնակցի Ուզբեկստանում ու Դանիայում, որտեղ կներկայացնեն հայկական դուդուկը իր ողջ խորությամբ:

Արսենն ասում է, որ այժմ ձայնասկավառակ ձայնագրելու առաջարկ է ստացել անգլիական ARC Records-ից, շուտով կսկսեն աշխատել ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի 2020 թվականաին. «ARC Records-ը որոշել է ներկայացնել դուդուկը հայկական ավանդական՝ դասական ձևաչափով: Ձայնասկավառակն այսօր շահույթ չի բերում՝ քիչ է վաճառվում, սակայն երաժշտին լրջություն  է տալիս և շոշափելի ինչ որ բան է մնում», -ասում է երաժիշտը:

Դուդուկահարն ասում է, որ դուդուկի հետ լեզու գտնելու՝ կոմպրոմիսի գալու համար միայն տաղանդը քիչ է: Պետք է լինել համառ, համբերատար ու աշխատասեր: «Դուդուկի հետ միշտ պայքարի մեջ ես, ու դու պետք է միշտ հաղթես իրեն, պետք է թելադրողը դու լինես: Երբ հոգնած եմ լինում, երբեմն զգում եմ, որ գործիքն ինքն է սկսում ինձ թելադրել՝ կառավարել: Սակայն պետք է գործիքին ենթարկես քեզ, դու պետք է իրեն կառավարես: Շատ զգայուն ու բարդ գործիք է»



Այժմ Արսենը շատ մեծ ցանկություն ունի դուետ ունենալ իռլանդացի տավիղահարուհի Կատրին Ֆինչի հետ՝ համադրել դուդուկն ու կելտական տավիղը, նվագել՝ կելտական ժողովրդական երաժշտություն:

Իսկ դուդուկը իր առեղծվածային ու ինքնատիպ հնչողությամբ հուզում ու հետաքրքրում է բոլորին անկախ կրոնական ու ազգային պատկանելիությունից:

«Ամենատարբեր երկրներից ինձ դիմում են ամենատարբեր մասնագիտության տեր մարդիկ, ովքեր ցանկանում են դուդուկի դասեր վերցնել: Գալիս են Հայաստան ճամփորդելու, դրան զուգահեռ դուդուկի դասերի: Լինում է նաև, որ Skype կապի միջոցով ենք դասեր կազմակերպում»,- ասում է Արսենն ու շարունակում. «Ունեմ աշակերտ Իսրայելից՝ թոշակի անցած մարդ, որ դուդուկ նվագելու մեծ ցանկություն ունի, ինչն ինձ զարմացնում ու ուրախացնում է:  Ունեմ ուսանող, որ Նյու-Յորքի բանտերից մեկում  ոստիկան է աշխատում: Լարված օրվանից հետո, դուդուկն իր համար հանգստանալու միակ ու անփոխարինելի միջոց է դարձել»

Արսենի խոսքով ամեն մարդ յուրովի է ընկալում դուդուկի մեղեդին: Դուդուկն այն գործիքն է, որը ստիպում է հուզվել, տխրել, ուրախանալ և որ ամենակարևորն է՝ մտածել, որն էլ խոսում է այս գործիքի հզոր ուժի մասին: