Նյութը՝ Ամերիկյան խորհուրդների գրասենյակից
Լուսանկարները՝ Ամերիկյան խորհուրդների գրասենյակից
Տեղադրվել է 08-08-2019
Ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում
Գլոբալ տնտեսական շուկայի պայմաններում, և ժամանակակից աշխատաշուկայում մրցունակ լինելու համար բուհերի ուսանողներին և նորավարտ երիտասարդներին անհրաժեշտ են գիտելիքներ և կարողություններ, որոնք թույլ կտան ընկալել միջմշակութային իրողությունները և արդյունավետ աշխատել ցանկացած նոր միջավայրում։

Արտերկրում մասնագիտական պրակտիկա անցնելն, այդ առումով, գերազանց հնարավորություն և արդյունավետ միջոց է։

Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության՝ «Արտերկրում ուսանելու» ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական հովանավորությամբ՝ Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակն այս ամառ ամերկացի ուսանողների համար իրականացնում է Հայաստանում մասնագիտական պրակտիկա անցնելու ծրագիր։ Այս տարի 3 ամերիկացի ուսանողներ ամառային պրակտիկան են անցնում Հայաստանում տուրիզմի և Էկոտուրիզմի ոլորտում գործող կազմակերպություններում: Ութշաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրնեց հյուրընկալող հայկական կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, կազմակերպությունների գործունեության և նախագծերի վերաբրեյալ գովազդային նյութեր մշակելու, սոցիալական ցանցերում կատարված աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու հարցերում: 

Օգոստոսի 6-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ծրագրի ամփոփիչ հանդիպման  ժամանակ, ուսանողները Հայաստանում իրենց հյուրընկալող կազմակերպությունների գործընկերներին, ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին, այլ շահառու կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրեցին «Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագրի գրասենյակում և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC) անցած մասնագիտակ պրակտիկայի 8-շաբաթյա փորձը և կատարած աշխատանքը։ Այս ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպում են ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոտուրիզմի բաժնի   գլխավոր մասնագետ hետ՝ ծանոթանալու այդ ոլորտում իրականացվող քայլերին և նախաձեռնություններին։

Ծրագրի մասնակից ամերիկացի ուսանողները նաև տևական ու ամուր կապեր են հաստատել իրենց հյուրընկալած կազմակերպությունների և ընտանիքների հետ, ինչը է՛լ ավելի հաստատուն կդարձնի հայ-ամերիկյան հարաբերությունները մարդկային շփման մակարդակում։

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը միջազգային կրթության, ակադեմիական փոխանակման և օտար լեզուների ուսումնասիրման բնագավառներում առաջատար հանդիսացող կազմակերպություն է, որը փոխանակման ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծում անհատների և հաստատությունների համար՝ հաջողության հասնելու սերտորեն փոխկապակցված աշխարհում:

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակը 1996 թ-ից ի վեր իրականացրել է ԱՄՆ-ի կառավարության կողմից հովանավորվող տասնյակ ծրագրեր` հնարավորություն տալով ավելի քան 1400 աշակերտների, ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների սովորելու և մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ի հաստատություններում:

Միևնույն ժամանակ, մի քանի տասնյակից ավել ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ, մասնակցելով Ամերիկյան խորհուրդների ծրագրերին, այցելել են և այցելում են Հայաստան՝ հայերեն կամ այլ օտար լեզուներ սովորելու, գիտական հետազոտություններ անցկացնելու կամ մասնագիտական վերապատրաստումների մասնակցելու նպատակով: