Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-08-2019
«ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը կկազմակերպի հատուկ դասընթաց-սեմինար, որի նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին:

Մրցանակը ճանապարհորդություն է 2 հաղթողների համար դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020 թ. մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին (ITFS):

Դասընթացը կազմակերպվում է Երևանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Այս սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախօրոք դիտելու «ՌեԱնիմանիա» 2019- ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ, քննադատություններ գրելու համար: Անիմացիոն ֆիլմը մեդիայում դիտարկելու նպատակն է զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին, և այդպիսով բարելավել անիմացիոն արվեստի լուսաբանումը Հայաստանում և տարածաշրջանում:

Սեմինարի փորձագետ Կլաուս Լոսերը մասնակիցներից կպահանջի ամեն օր ներկայացնել իրենց հոդվածները մինչ հաջորդ օրվա սեմինարի սկիզբը:

Դասընթացը կտևի 7 օր և կանցկացվի սեպտեմբերի 9-15-ը Երևանի Գյոթե կենտրոնում: Դասընթացին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ կինոքննադատները, կինոյով հետաքրքրված լրագրողները, 19 տարին լրացած ուսանողները: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը:

«ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում: 

Դասընթացի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Կլաուս Լոսերի մասին

Դոկտոր Կլաուս Լոսերը 1980 թվականից ի վեր զբաղվում է երաժշտությամբ, ֆիլմերով և պոեզիայով: 1990-1995թթ. սովորել է Պոտսդամ-Բաբելսբերգ կինոդպրոցում՝ ստանալով դիպլոմ ֆիլմագիտության և սցենարի ոլորտում: 1992 թվականից աշխատում է որպես ազատ կինոքննադատ, կուրատոր և պատմաբան: Նա աշխատում է Բեռլինի «BrotfabrikKino» կինոթատրոնում որպես ծրագրի ղեկավար: Կենտրոնացած փորձարարական, անդերգրաունդ ֆիլմերի և նախկին Արևելյան Բլոկի կինոյի պատմության մեջ՝ հեղինակել է մի շարք հոդվածներ և գրքեր: 1996 թ.-ին հիմնադրել է «ex.oriente.lux» արխիվը անկախ կարճամետրաժների արտիստիկ ենթամշակույթից, որոնք ցուցադրվել են ամբողջ աշխարհում, հաճախ Գյոթե ինստիտուտի հետ համատեղ, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Դանիայում և այլ երկրներում: 2009 թ.-ին եղել է Բեռլինի կինոփառատոնում ցուցադրվող «Winter adé - Filmische Vorboten der Wende» ռետրոսպեկտիվի կուրատորը: 

Յակոբին Մոթսի հետ համատեղ երկու փաստագրական ֆիլմ է նկարահանել Արևելյան Գերմանիայի մշակութային պատմության վերաբերյալ: Նա նաև ժյուրի է տարբեր փառատոներում և հրապարակում է «Թռչող աչքը» բաժինը «Berliner Zeitung» շաբաթաթերթում ՝ Բեռլինի կինոարվեստի վերաբերյալ: Անդամակցում է Գերմանիայի կինոքննադատների միջազգային ֆեդերացիային: