Նյութը՝ Բերդի համայնքապետարանից
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանից
Տեղադրվել է 13-08-2019
«Բարի լույս, Այգեձո՛ր». կայացավ զուռնայի 10-րդ հոբելյանական փառատոնը
Օգոստոսի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղում կայացավ «Բարի լույս, Այգեձո՛ր» զուռնայի 10-րդ հոբելյանական փառատոնը:

«Այսօր 10-րդ անգամն է, որ այգեձորյան խաղաղ առավոտը լցվում է զուռնայի անուշ ձայնով: 10-րդ անգամն է, որ մեր սիրելի երաժիշտները ջերմացնում են մեր հոգիները: Հայերիս համար առանձնահատուկ երևույթ է զուռնայի ձայնը լսելը. մեր արյան մեջ  ինչ-որ խլրտում է տեղի ունենում՝ ոգեկոչումի, ուժի,  հայրենիքի ամրության զգացողություն է առաջանում»,-փառատոնի բացման խոսքում նշեց Մովսեսի և հարակից բնակավայրերի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:  

Զուռնայի փառատոնն առաջին անգամ կայացել է 2009թ.-ին՝ արմատներով այգեձորցի ճանաչված երաժիշտ Նորայր Քարտաշյանի, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և երաժիշտ Ռուբեն Մայիլյանի նախաձեռնությամբ: 



«Նպատակը մեր փոքր հայրենիքի՝  Տավուշի երաժշտական ավանդույթներն ապրեցնելն ու երիտասարդ սերդին ներկայացնելն է, ինչպես նաև նաև տեղացի զուռնայի վարպետներին հիշելն ու արժևորելը: Կցանկանայի շեշտել նրանց անունները՝ Համբարձում Ապրեսյան (Այգեձոր), Կոլյա Աբրահամյան, (Այգեձոր), Պատվական Ուդումյան, (Չորաթան), Եգոր Ջուլհակյան (Չինարի) »:

Ինչպես նշեց Նորայր Քարտաշյանը, փառատոնի համար որպես նախատիպ է ծառայել տավուշյան ավանդույթը. «Տավուշում տարածված ավանդույթ է եղել. աշուղը կամ զուռնաչին իր խմբով ելույթ է ունեցել՝ շուրջը համախմբելով մարդկանց: Դա ֆանտաստիկ ժամանակաաշրջան էր, որ արդեն ետ չենք բերի, բայց ավանդույթի  նշույլները կարող ենք այստեղ վեր հանել»: 



Փառատոնի համահիմնադիր Նորայր Քարտաշյանի խոսքով. «2009 թ.-ին՝ զուռնայի առաջին փառատոնի ժամանակ, ելույթ ենք ունեցել 3 ընկերներով՝ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի և Ռուբեն Մայիլյանի հետ: 10-րդ հոբելյանական փառատոնին մասնակցում է 12 երաժիշտ: Սա կարևոր ձեռքբերում է: Այսօր ելույթ են ունենում ինչպես երաժիշտներ՝ «Նորայր Քարտաշյան և «Մենուա»» նվագախմբից, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտներ: Պետք է փաստենք, որ փառատոնը տարեցտարի զարգանում ու ընդլայնվում է: Հուսով եմ՝ այն շարունական կլինի: Նպատակ ունենք առաջիկայում տարբեր բնակավայրերից զուռնայի մասնագետներ հրավիրել, որպեսզի փառատոնն ամբողջանա, և աշխարհագրությունն ընդլայնվի»: