Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ ֆորումի մասնակիցների
Տեղադրվել է 14-08-2019
Համազգայինի ուսանողական ֆորումը կրկին համախմբեց տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների
Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած ուսանողական ֆորումի շրջանակներում աշխարհի ինը երկրներից հայրենիք էին ժամանել շուրջ 30 երիտասարդներ։



Այս տարին հոբելյանական է, քանի որ արդեն 25-րդ անգամն է, ինչ կազմակերպվում է Համազգային ֆորումը: Ցանկացած երկրում ապրող հայ երիտասարդ, ով ցանկանում է մասնակցել ֆորումին, կարող է դիմել ֆորումի հանձնախմբին և մաս կազմել երիտասարդական այս ամենամյա հավաքին: Այս տարի Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Ավստրալիայից, Ջավախքից, Արցախից և Հայաստանից մասնակիցները 15 օր միասին անցկացրին հետաքրքիր, հագեցած ճամփորդություն Հայաստանում և Արցախում: Այցելելով պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր, մեծանուն հայերի տուն-թանգարաններ, թանգարաններ՝ մասնակիցներից յուրաքանչյուրը ավելի շատ հաղորդակից դարձավ իր ազգային արմատներին և մշակութային ժառանգությանը: Ֆորումի ընթացքում նրանք բաժանվել էին երեք խմբերի: Քանի որ այս տարի Կոմիտասի, Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյակներն են նշվում, խմբերը կոչվեցին նրանց անուններով:



«Այս տարվա մասնակիցներն ավելի ակտիվ էին մասնակցում  խմբային աշխատանքներին: Ամեն տարի փորձում ենք էլ ավելի զարգացնել ծրագիրը, այնպես ենք անում, որ միշտ ամենալավ հայտագրերը  մնան, նոր բաներ ենք փորձում ընդգրկել, որ լավ հավաքածու ունենանք»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց «Համազգային ֆորում 2019»-ի ընդհանուր պատասխանատու Խաչիկ Դեմիրճյանը և հավելեց, որ այս տարի սպասելիքներն արդարացան և՛ ընկերային մթնոլորտի ստեղծման առումով, և՛ մշակութային, դաստիարակչական բաժնի արդյունավետ իրականացման տեսանկյունից: 

Ֆորումի շրջանակներում մասնակիցներն ունկնդրել են դասախոսություններ հայկական ճարտարապետության, ազգային նվագարանների, գրերի գյուտի և հայոց լեզվի մասին: Մասնակցել են նաև զանազան փորձառությունների՝ լավաշի թխում, խաչքարագործություն, գորգագործություն, իսկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ռոբոտաշինության, ծրագրավորման, ֆիլմերի և համակարգչային խաղերի ստեղծման դասընթացների:



Ֆորումականներին տպավորել էր հատկապես Ծաղկաձորի «Սբ. Տիրամայր Հայաստան» ճամբար այցելությունը: Ամառային ճամբարին մասնակցում են կարիքավոր երեխաները: Ֆորումականները ճամբարի հնարավորություններին, իրականացվող դասընթացներին և երեխաների առօրյային ծանոթանալուց հետո, միասին մասնակցեցին Սպորտլանդիայի խաղերին: Ուրախ տրամադրությունը և հաճելի ժամանցը ապահովված էր թե՛ ֆորումի մասնակիցների, թե՛ ճամբարի երեխաների համար: 

Հայ երիտասարդները այցելել են նաև Երևանի պետական համալսարան և Հայաստանի Ամերիկյան համալսարան, ծանոթացել Հայաստանում ուսումը շարունակելու հնարավորություններին: 



18 տարեկան Լիա Խաչատուրյանը հայրենիք է ժամանել Լիբանանից՝ Բեյրութից:  Խոստովանում է՝ չնայած Բեյրութից մի քանի մասնակիցներ կային, սակայն սկզբում վախենում էր, որ շատ նոր մարդկանց է հանդիպելու, մտավախություն ուներ, թե ինչպես է ընկերային կապեր հաստատելու տարբեր երկրներից, տարբեր մշակույթի տեր, տարբեր մտածելակերպերով մարդկանց հետ… բայց արդեն ֆորումի առաջին մի քանի օրից հետո հասկացավ, որ մտավախությունը զուր էր. անկախ այդ տարբերություններից, նրանք բոլորն էլ հայեր են, և ֆորումի ընթացքում բոլորը միասին դարձան մի մեծ ընտանիք: 



«Այս 15 օրերի ընթացքում, անշուշտ, ինձ մոտ Հայաստանում ապրելու, աշխատելու ցանկություն առաջացավ: Շատ նոր բաների ծանոթացա, որոնց մասին առաջ չգիտեի: Ֆորումն ինձ ցույց տվեց, որ թեկուզ եթե հայաստանցի էլ չես, կարող ես գալ, բնակվել և ապրել Հայաստանում: Դու ունես այդ հնարավորությունը»,- նշեց Լիա Խաչատուրյանը: 



Լիբանանից Նարեկ Մեսրոպյանը նախկինում եղել էր Երևանում: Իսկ այս տարի հնարավորություն ունեցավ տեսնելու ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև այլ քաղաքներ՝ ամբողջ Հայաստանով մեկ: 

«Շատ ուրախացա, երբ տեսա, թե ինչպես է առաջընթաց ապրում Գյումրին, ոտքի կանգնում երկրաշարժից հետո: Գալով Ստեփանկերտ չէի պատկերացնում, որ կտեսնեմ այսքան մաքուր, զարգացած, մեծ քաղաք: Երբ վերադառնամ Լիբանան, ընկերներիս կառաջարկեմ միասին գնալ Ստեփանակերտ, ինչ-որ աշխատանք հիմնադրել այնտեղ: Եթե անգամ Հայաստանում էլ չապրեմ, կուզեմ, որ մեկ ոտքս միշտ Հայաստանում լինի»,- մեզ հետ զրույցում կարևորեց Նարեկ Մեսրոպյանը:



Արցախում սփյուռքահայ  երիտասարդները  եռօրյա  այցի  ընթացքում  այցելել   են  Ստեփանակերտի  «Ղարաբաղ կարպետ»  գորգագործական ընկերություն, «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոց, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Նիկոլ  Դումանի   տուն-թանգարան, Ստեփանակերտի անհայտ կորած ազատամարտիկների թանգարան, Զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան: Իսկ ՊԲ N զորամասում հանդիպել են զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առօրյային: 

Ֆորումականները հնարավորոթյուն են ունեցել այցելել ԱՀ Ազգային ժողով, հանդիպելու ԱՀ  Ազգային  ժողովի  փոխնախագահ  Վահրամ  Բալայանի  հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդները փոխնախագահին հղել են բազմաբնույթ հարցեր՝ միջազգային քաղաքականությունից մինչև Արցախի տնտեսության ճյուղեր և այլն: 



Իսկ Շուշիում ֆորումի մասնակիցները հյուրընկալվել են տեղացի մի  խումբ  արվեստագետների  և  զինվորականների  ընտանիքներում: Հյուրասեր արցախցիների ընտանիքներ այցելությունների նպատակն էր՝ արցախցիների և սփյուռքահայ երիտասարդների շփումների, ընկերական հարաբերությունների ստեղծումը:

Ֆորումի ամենից հուզիչ մասը մասնակիցների բաժանումն էր: 15 օրերի ընթացքում բոլորը հասցրել էին մտերմանալ, դառնալ մեկ մեծ ընտանիք: Մերձավոր Արևելքից Եվրոպա և Ավստրալիա… հայ երիտասարդները հրաժեշտ էին տալիս միմյանց, հնարավորինս շուտ հայրնիքում կրկին հանդիպելու ակնկալիքով: