Նյութը՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 16-08-2019
Երիտասարդության մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության ոլորտներում Հայաստանում
Դիլիջանում շարունակվում է դասընթացավարների վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված Հայաստանում երիտասարդական աշխատանքի ոլորտում փորձ ունեցող անձանց համար, որի արդյունքում դասընթացավարները ձեռք են բերում, ինչպես նաև զարգացնում են անհրաժեշտ գիտելինքներ և հմտություններ դասավանդելու համար։

Դասընթացավարների վերապատրաստման դասընթացը տեղի է ունենում օգոստոսի 11-16-ը՝ «Խթանելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության ոլորտներում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հանդես են գալիս զույգերով և փորձարկում մշակված դասավանդվող մոդուլները։

Դասընթացի մոդուլները պատրաստվել են բրիտանական «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» (Peaceful Change Initiative) հասարակական կազմակերպության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ջանքերով և հիմնված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձեւի վրա։ Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ պետություններին ստեղծել հնարավորություններ երիտասարդների համար՝ մասնակցելու իրենց հասարակություններում որոշումների կայացման և խաղաղության կառուցման գործընթացներին։

Դասընթացի մոդուլները ներառում են ինչպես կոնֆլիկտների կառավարման միջազգային փորձի վերաբերյալ նյութեր, այնպես էլ հայաստանյան իրականությանը հարմարեցված բաժիններ, մասնավորապես՝ կոնֆլիկտի եւ խաղաղության հասկացությունների, կոնֆլիկտների տարնսֆորմացիայի եւ խաղաղարարության, երիտասարդության եւ երիտասարդների մասնակցության, ՄԱԿ ԱԽ-ի 2250-ի և այլ թեմաների շուրջ։