Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ «Հանուն հայ զինվորի ՀԿ»-ից
Տեղադրվել է 01-09-2019
Ամուր թիկունք՝ հզոր բանակ
Դեռ 2017թ․-ին մեկնարկած «Ազգ-Բանակ» ծրագիրն այսօր արդեն հանդես է գալիս «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» խորագրի ներքո։ Նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, իսկ այնուհետև արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում ծրագիրն իրականացրել է իր առջև դրված նպատակները։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Ամուր թիկունք՝ հզոր բանակ» ծրագրի ղեկավար և կազմակերպիչ Դավիթ Թորոսյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ ծրագրի ներկայիս անունը պատահական չէ ընտրված․ այն ՀԿ-ի կարգախոսն է եղել։ Ասույթի նման հնչող այս արտահայտությունն իր մեջ ամփոփում է այն ամբողջ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, որն ընկած է ծրագրի հիմքում։ 

«Թիկունքին կանգնող մարդիկ հզորացնում են բանակը, քանի որ, եթե թիկունքն ամուր չէ, ապա դժվար բանակը հզոր լինի»,- ասում է Դավիթ Թորոսյանը և հավելում, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն անկախ ծրագրից  և նրա հետագա շարունակությունից մշտապես եղել է և կլինի զինվորների կողքին։ 

Ծրագրի շրջանակներում եղել է 1 այց՝ թվով 4 զորամասեր։ Առաջին կանգառը եղել է Եղնիկների զորամասը, որն առանձնանում է մնացյալ մյուս զորամասերից։  Հաջորդիվ Մատաղիսի, Մարտակերտի զորամասերն էին։ Իսկ եզրափակիչ հանդիպումը կայացել է Սրխավենդիի զինվորների հետ։ 



Շրջայցեր զորամասերում, տոնական միջոցառումներ՝ երգ ու պարով, և իհարկե շնորհակալագրերի և խրախուսական նվերների հանձման արարողություններ։

Բացի խրախուսանքներից, Մարտակերտի զորամասին հանձնվել է նաև տեսահսկման սարքավորում, որն ավելի արդյունավետ է դարձնում մշտական դիրտարկումները: Ինչպես նաև զորամասին տրվել են սպորտային շապիկներ և գնդակներ։

Մատաղիսի զորամասին են հանձնվել ջրի ուսապարկեր, գնդակներ ու սպորտային շապիկներ՝ սպորտմասսայական միջոցառումները արդյունավետ կազմակերպելու համար:



Եղնիկների զորամասին ՀԿ-ն տրամադրել է ջրի ուսապարկեր, հեռադիտակներ, սպորտային շապիկներ և գնդակներ։

Դավիթ Թորոսյանը նշում է, որ ծրագիրը դրական արձագանքներ է ստացել, ինչն անշուշտ ոգևորիչ է։

«Թե՛ զինվորների, թե՛ հրամանատարական կազմի, կողմից դրական արձագանքներ ենք ստացել։ Հաճելի էր նաև զինվորների հարազատներից ստացված զանգերն ու նամակները։  Վերջիններիս համար ևս կարծում եմ նման նախաձեռնությունները կարևոր են»,-նշում է Դավիթ Թորոսյանը։