Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Էրիկ Խանոյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 06-09-2019
«Ես Վանաձորի ձախ թևի զարկերակն եմ»․ կիթառահար Էրիկ Խանոյան
Eritasard.am-ն իր «Վանաձորի զարկերակը» հեղինակային շարքում այս անգամ ներկայացնում է Վանաձորի տաղանդավոր երաժիշտներից մեկին՝ կիթառահար Էրիկ Խանոյանին։

Էրիկը 23 տարեկան է, Վանաձորում ապրում է ծնված օրվանից։  Առաջին մասնագիտությամբ ռեժիսոր է։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում, սակայն մասնագիտությամբ երբևէ չի աշխատել։ Ռեժիսորի մասնագիտության ընտրությունը կատարել է դիտած ֆիլմերից ոգեշնչվելով։ 

Երաժշտություն սիրել եմ․․․
դեռ փոքր տարիքից։ Կիթառի հանդեպ հետաքրքրությունս ևս եղել է փոքր տարիքից։ Ինքնուս եմ, սկզբում սիրողական էի նվագում, սակայն արդեն 4 տարի է, ինչ պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել։ Ես ինձ առավել շատ երաժշտական ոլորտում եմ տեսնում, քան՝ ռեժիսորի դերում։ 

«Clocker» խումբը, որտեղ նվագում եմ․․․
արդեն 6 տարի է, ինչ գործում է։ «Clocker»-ի անդամներով միմյանց վաղուց ենք ճանաչում։ Մինչև ինստիտուտ ընդունվելն արդեն իսկ խմբի անդամների հետ նվազգում էի։ Այնպես ստացվեց, որ համերգներից մեկի ժամանակ խմբին մեկի փոխարեն 2 կիթառիստ էր անհրաժեշտ։ Առաջարկ ստացա համերգին հանդես գալ խմբում։ Հենց այդ ժամանակ էլ վերջնականապես համոզվեցի, որ երաժշտական ոլորտ առավել հոգեհարազատ է։ 
 
Կիթառ նվագելու համար անհրաժեշտ է․․․
ցանկություն և աշխատասիրություն։ Դա ես իմ փորձից եմ ասում։ 

Ես որպես երիտասարդ Վանաձորի և մասնավորապես․․․
երիտասարդների համար փորձում եմ ավելի շատ հնարավորություններ ստեղծել։ Երբ մենք փոքր էինք և ցանկանում էինք ինչ-որ բանով զբաղվել, մեզ համար դժվար էր, քանի որ հնարավորությունները սուղ էին, չկար հարմար վայր, դժվար էր երաժշտական գործիքներ գտնել, գնել։ Հիմա այլ է։ Հիմա հնարավորություններն առավել լայն են, իսկ երիտասարդների ցանկությունը երաժշտությամբ զբաղվելու՝ չի նվազում։ Ուստի մենք փորձում եմ օգնել և ուղղություն տալ նրանց այդ հարցում։ 

Համերգների ժամանակ իմպրովիզներ լինում են, երբ․․․
օրինակ որևէ մեկի գործիքի հետ խնդիր է լինում կամ պարզապես իրավիճակն է էդպես դասավորվում։ Անկախ մեզնից արդեն մեկս մյուսին լավ հասկանալով փորձում ենք գեղեցիկ իմպրովիզների միջոցով իրավիճակը հարթել։ Իհարկե, երբեմն մենք ինքներս ենք որոշում, որ համերգի մեկնարկը պետք է սկսենք յուրահատուկ իմպրովիզով։



Վանաձորն աշխարհի ամենա․․․
հանգիստ վայրն է։

Վանաձորի երիտասարդներն աշխարհի ամենա․․․
ակտիվն ու կրեատիվն են։ 

Վանաձորի կիթառիստներն ամենա․․․
քիչն են։ 

Վանաձորն ինձ համար․․․
տուն է։ 

Ես Վանաձորի համար․․․
բնակիչ եմ։

Վանաձորի սիրելի վայրերս են․․․
մեր փորձերի հարթակն ու փաբը։

Վանաձորի բարբառով սիրելի արտահայտություններս են․․․
Ազիզ, գալ տիմ, գնալ տիմ․․․

Ես Վանաձորի․․․
Ձախ թևի զարկերակն եմ (ժպտում է)։