Նյութը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբից
Լուսանկարները՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբից
Տեղադրվել է 05-09-2019
Ջազ նվագախումբը կներկայացնի հայտնի դասական գործերի ջազային տարբերակները
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա ինքնատիպ նախաձեռնությամբ: Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music խորագրով ինքնատիպ ջազ երեկոն:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կոլեկտիվը կկատարի մի շարք կոմպոզիտորների դասական ստեղծագործությունների ջազային մշակումները:

Մասնավորապես, կհնչեն Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝  նոր և ինքնատիպ մոտեցմամբ: Նման համերգների ձևաչափն ընդունված և սիրված է ամբողջ աշխարհում:

Այս համերգային երեկոյով կտրվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի 2019/2020 համերգաշրջանի մեկնարկը: Ի դեպ, նոր համերգաշրջանը, ինչպես և նախորդները, հարուստ է լինելու բազում անակնկալներով ու ինքնատիպ ծրագրերով: