Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-09-2019
Հայաստան – Իտալիա. մրցակության արար 3-րդ
Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլային «հրավառություն» է սպասվում. Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերը վաղուց վաճառվել են:

Սեպտեմբերին վերսկսվում է «ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլը։ 10-րդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականին մեկը մյուսից ծանր մրցավեճեր են սպասվում։ Առաջինն այդ ցանկում Իտալիայի ազգային ընտրահու հետ դիմակայությունն է։ Ազգային հավաքականների մակարդակով սա երրորդ նմանօրինակ մրցավեճն է:

Նախկինում Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականները հանդիպել են Աշխարհի 2014 թ.-ի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում: Հայաստանում կայացած դամակայությունը երկրպագուների եւ ֆուտբոլասերների շրջանում այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողացել էր 2012 թ.-ի հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կազմակերպել մրցավեճը։ Այդ խաղում, սակայն, մարզական բախտը երես էր թեքել Հայաստանի հավաքականից, եւ տասնյակ հազարավոր մարդկանց առջեւ Հայաստանի հավաքականը պարտվեց 1-3 հաշվով:

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականների միջեւ երկրորդ հանդիպումը կայացել է 2013 թ.-ի հոկտեմբերի 15-ին։ Նեապոլում հանդիպման 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լավագույն մարզավիճակում գտնվող Յուրա Մովսիսյանը, սակայն իտալական «Ռոմայի» խաղացող Ալեսանդրո Ֆլորենցին կարողացավ առաջին խաղակեսի միջնամասում խփել պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականին կրկին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. հանդիպման 70-րդ րոպեին իտալացիների դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը։ Քիչ անց, սակայն, Մարիո Բալոտելլին ձեւակերպեց մրցավեճի վերջնական հաշիվը՝ 2-2:

Եվ ահա, գրեթե 6 տարի անց ֆուտբոլի Հայաստանի եւ Իտալիայի ազգային հավաքականների ճանապարհը կրկին խաչվել է՝ այս անգամ «ԵՎՐՈ-2020»-ի ընտրական փուլի շրջանակում։ 10-րդ խմբում Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ հանդես եկող Իտալիայի հավաքականը միակն է, որ ունի 100 տոկոսանոց արդյունք՝ 4 խաղ, 4 հաղթանակ, վաստակած 12 միավոր։

Հայաստանի ազգային հավաքականը 12 հնարավոր միավորից ունի 6-ը, եւ զբաղեցնում է խմբում 3-րդ տեղը։ Մեր ազգային հավաքականից 3 միավոր ավելի ունի Ֆինլանդիայի ազգային ընտրանին, որն էլ այսօր ուժերը չափելու է Հունաստանի հավաքականի հետ։ 10-րդ խմբում սպասվում է նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինա-Լիխտենշտայն դիմակայություն։

Սեպտեմբերի 4-ին կայացած նախախաղային մամուլի ասուլիսների ժամանակ թե՛ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, թե՛ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշեցին, որ հնարավորինս մանրամասն ուսումնասիրել են իրենց մրցակցին՝ փորձել հակախաղ գտնել հարձակման միտված ֆուտբոլիստներին։ Մինչդեռ թիմերի ավագներ Լեոնարդո Բոնուչչին եւ Հենրիխ Մխիթարյանը, որոնք մասնակցել են 2012-ին եւ 2013-ին կայացած հանդիպումներին, վստահություն հայտնեցին, որ ներկայում մրցակիցները լիովին տարբեր ֆուտբոլ են խաղում, անճանաչելիորեն փոխվել են եւ չի կարելի համեմատել ներկա կազմերը տարիներ առաջ կայացած հանդիպումների հետ։

Հատկանշական է, որ Հայաստան – Իտալիա խաղը վստահվել է գերմանական մրցավարական անձնակազմին՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Յան Զայդելը եւ Մարկուս Հեքերը։

Ուշարժան է, որ Հայաստան – Իտալիա դիմակայությունը հետաքրքրություն է առաջացրել, ոչ միայն հայ երկրպագուների եւ ֆուտբոլասերների շրջանում, որոնք դեռ խաղից հաշված օրեր առաջ գնել են վաճառքում առկա բոլոր՝ շուրջ 13 հազար տոմսերը, այլեւ ՈՒԵՖԱ-ի բարձրաստիճան ղեկավարության շրջանակներում։ ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա կլինի նաեւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: