Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-09-2019
Ազգային գրադարանում բացվել է այբբենարանների ցուցահանդես
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվել է հայոց լեզվի այբբենարանների ուշագրավ ցուցադրություն, որոնցից հնագույնը 1623 թվականին Վենետիկում և 1675 թվականին Մարսելում լույս տեսած այբբենարաններն են:

Ցուցադրությանը ներկայացված են նաև Փարիզում 1860 թվականին լույս տեսած «Հայկազն մանկաց» այբբենարանը, Թեոդոսիայում 1865 թվականին տպագրված «Հեգարան» կոչվող այբբենարանը, Վիեննայում 1893 թվականին լույս տեսած «Այբբենարան-հեգարանը» և այլ ուշագրավ այբբենարաններ, այդ թվում և վերջին 100 տարիների ընթացքում լույս տեսած այբբենարանները:



Նոր ցուցադրության բացմանը ներկա էին բազմաթիվ դպրոցականներ մայրաքաղաքից ու մարզերից: Նրանք իրենց ուսուցիչների և ծնողների հետ եկել էին ծանոթանալու հին ու նոր այբբենարաններին:

Ազգային գրադարանը նաև բանախոսության էր հրավիրել Վաչագան Սարգսյանին, որի հեղինակած այբբենարանն արդեն 21 տարի դասավանդվում է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում:



«Մաշտոցի ստեղծած այբբենարանը մեզ չի հասել բնականաբար: Առաջին այբբենարանը, որ մեզ հասել է, 1430 թվականի ձեռագիր այբբենարանն է: Իսկ տպագիրը մոտ հարյուր տարի հետո է եղել առաջին անգամ: Դա էլ Կոնստանդնապոլսում է տպվել: Դրանից հետո արդեն գալիս է աշխարհաբար առաջին այբբենարանը: Ամենանշանավոր այբբենարանը, որ ստեղծվել է, Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի այբբենարանն է, որը մոտ կես դար տպագրվել է: Նիկողայոս Տեր-Ղևոնդյանը ասում էր՝ իմ այբբենարանը հարյուր հազար տուն է մտել: Հարյուրավոր այբբենարաններ եղել են Հայաստանում: 1998 թվականից առայսօր արդեն իմ այբբենարանը գործում է դպրոցներում, և Նիկողայոս Տեր-Ղևոնդյանի նման ասեմ՝ տպագրվել է 800 հազար օրինակ: Բավական մեծ թիվ է, և 800 հազար տուն է մտել, և այդքան երեխա սովորել են այդ այբբենարանով»,-հանդիպմանը նշել է հեղինակը: