Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-09-2019
Ճապոնացի հռչակավոր դաշնակահարը Նոբույուկի Ցուջին՝ Երևանում
Սեպտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ճապոնացի հանրահայտ դաշնակահար Նոբույուկի Ցուջին հանդես եկավ մենահամերգով:
Նոբույուկի Ցուջիի մենահամերգով ազդարարվեց «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի սկիզբը:
 
«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ այստեղ պիտի ելույթ ունենամ: Երբ հրավերը ստացա, այդ ժամանակ ես Հայաստանի մասին այդքան էլ տեղեկություն չունեի: Բայց հիմա ես զգում եմ, որ քաղաքը հաճելի է, մարդիկ շատ ջերմ են: Հրաշալի զգացողություններ ունեմ: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել երաժշտության միջոցով»,- ասաց Նոբույուկի Ցուջին:

«The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին Հայաստանում իր առաջին մենահամերգի ընթացքում հանդիսատեսի համար կատարեց Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Ողջ աշխարհում Նոբույուկին հայտնի է այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն շնորհիվ, որն առկա է նրա կատարումներում։ Խոսելով իր երազանքի մասին՝ Նոբույուկի Ցուջին ասում է. «Երազում եմ դառնալ այնպիսի երաժիշտ, ով իր ներդրումը կունենա երաժշտության պատմության մեջ և հնարավորինս շատ մարդկանց կկարողանա ցույց տալ դասական երաժշտության գեղեցկությունը»:

Մի առիթով ամերիկացի դաշնակահար Վան Քլայբերն, խոսելով Նոբույուկիի կատարման մասին, ասել է. «Նրա կատարումը բժշկելու ուժ ունի. իսկապես աստվածային է»: Իսկ ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը նշել է, որ Նոբույուկին ոչ միայն հիանալի երաժիշտ և աստղ է, այլև ապացույցն է այն բանի, որ մարդկային հնարավորությունները սահմաններ չունեն:

Նոբույուկին հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊-Բի-֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը,  Բազելի սիմֆոնիկ նվագախումբը և այլն։ Նա համագործակցել է մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։

Մենահամերգներով ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։

2018-2019թթ.-ի համերգաշրջանում ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ։ Դաշնակահարն այնուհետև պատրաստվում է Օրփեոս կամերային նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ մեկնել ԱՄՆ -ի արևելյան ափ և Ասիական մի շարք երկրներ։ Ավելի ուշ առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակներում։ Այս համերգաշրջանի ընթացքում նախատեսվում է մասնակցություն Ռոստոպովիչի փառատոնին, ինչպես նաև մի շարք մենահամերգներ Գերմանիայի խոշոր համերգասրահներում, որոնցից են Բեռլինի ֆիլհարմոնիան և Շտուտգարտի Լիդերհալլեն։

Պատկերասրահ՝ Ճապոնացի հանրահայտ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգը Երևանում