Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ «Փրայմ Փրոդաքշն» կազմակերպությունից
Տեղադրվել է 08-09-2019
«Դու պիտի ճախրես». Արա Գևորգյանը ներկայացավ բարեգործական համերգով
Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երաժիշտ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի «Դու պիտի ճախրես» խորագիրը կրող համերգը:

Միջոցառմանն արտիստը հանդես էր գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Պարի պետական անսամբլի հետ: 

Համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործության, որը կփոխանցվի
քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Կազմակերպիչները համագործակցում էին «Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ»-ի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

Մոտ երկու ժամ տևած համերգի ընթացքում հնչեցին Արա Գևորգյանի՝ արդեն հայտնի ու նաև նոր ստեղծագործություններ:  Երեկոյի ժամանակ հնչեց նաև Արա Գևորգյանի՝ Շառլ Ազնավուրին նվիրված երգը, որը կոմպոզիտորը գրել էր Ազնավուրի մահվանից հետո: Այն կոչվում է «Մեր Շառլ»։ Ի դեպ, համերգի ընթացքում դահլիճում նստած էր նաև լեգենդար երգչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: 

Համերգի ամենահուզիչ հատվածը «Դու պիտի ճախրես» երգի կատարումն էր, որի ամբողջ ընթացքում տեսաէկրանններին երևում էին քաղցկեղով հիվանդ երեխաների կադրեր: 

«Ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չեմ տվել և չեմ վճարվել ոչ մի միջոցառման համար: Դա իմ անձնական ցանկությունն է եղել: Այս անգամ նույնպես, համերգի ամբողջ հասույթը նվիրվելու է հիվանդ երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին», - ավելի վաղ նշել էր Արա Գևորգյանը։