Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-09-2019
Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում
Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին` ժամը 19:30-ին, տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը: Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

«Նա գտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ հաղորդեց այնտեղ, որտեղ ուրիշները պարզապես նվագում են»․ Լոս Անջելես Թայմզ:

«Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները»․ The San Jose Mercury

Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը ծնվել է 1953թ-ին Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի և Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:

Իբրև մենակատար և դիրիժոր Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում:

Դաշնակահարը ձայնագրում է բացառապես «ECM Records»-ի համար: Հայտնի են Բեթհովենի և Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատենրի և այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները:

1999թ-ին նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ «Cappella Andrea Barca»-ն, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների :

Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989թ-ին Սըր Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998 թ.: 1995 թ-ին նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է «Ittinger Pfingstkonzerte» փառատոնը Շվեյցարիայի «Իթինգեն» կարտեզյան վանական համալիրում: 1998թ-ին նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է «Մեծարանք Պալադիոնին» երաժշտական շարքը:

Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության և արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաև Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաև Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան:

2014թ-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։

Սըր Անդրաշ Շիֆի «Երաժշտությունը ծնվում է լռությունից» գիրքը, որն էսսեների և Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017թ-ին՝ «Բերենրայթեր և Հենշել»-ի կողմից: