Նյութը՝ Ingenio ընկերությունից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-09-2019
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փազլ հավաքելու մրցաշար
Հայաստանյան առաջատար մինչև հինգ տասնյակ կազմակերպությունների միջև հոկտեմբերի 12-ին անցկացվելու է փազլ հավաքելու մրցաշար: Ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած փազլների մրցույթը Հայաստանում է տեղի ունենում առաջին անգամ:

"Puzzle Battle" փազլ հավաքելու մրցաշարը ևս մեկ հիանալի հնարավորություն է ամրապնդելու աշխատակիցների թիմային ոգին և, ինչու՞ ոչ, արթնացնելու մրցակցայինը՝ միաժամանակ միավորելով բոլորին սոցիալական կարևոր նախաձեռնության շուրջ։

Յուրաքանչյուր թիմ բաղկացած է կազմակերպության 3 աշխատակիցներից (ինչպես նաև աջակցող թիմ): Բոլոր թիմերին միաժամանակ տրվում է 500 կտորից բաղկացած միևնույն նկարով փազլ։ Մրցույթն ավարտվում է այն ժամանակ, երբ 1-ին 3 թիմերն ավարտում են իրենց փազլի հավաքումը։

Մասնակցելով մրցույթին՝ կազմակերպություններն իրենց փոքր ներդրումը կունենան հայաստանյան 3 կարևոր կենտրոնների՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի, Տարեց մարդկանց խնամքի տան և Հատուկ կարիքներով երեխաների խնամքի կենտրոնի գործունեության պայմանների բարելավման գործում։ Մրցութային առաջին երեք տեղերը զբաղեցրած կազմակերպություններին բացի անակնկալ նվերներից կշնորհվեն հատուկ նվերներ՝ նախատեսված վերոհիշյալ կենտրոնների համար։ Ընդ որում, նվերների ընտրությունը պայմանավորված է շահառու կազմակերպությունների կողմից մատնանշված կարիքներով։

Նշենք, որ մրցույթը կեզրափակվի անմոռանալի afterparty-ով՝ դիջեյի մասնակցությամբ։ 

Մրցույթին հնարավոր կլինի մասնակցության հայտ ուղարկել մինչև սեպտեմբերի 25-ը։ Նշենք, որ "Puzzle Battle"-ը կազմակերպել է Ingenio ընկերությունը, այն տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: