Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-09-2019
Սամվել Սևադայի բանաստեղծությունների նոր ժողովածուն ներկայացվեց ընթերցողներին
Սեպտեմբերի 12-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Սամվել Սևադայի «Կույսի համաստեղություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը իրականացվում էր «Զանգակ» գրատան «Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակում: Շնորհանդեսի օրը նշվում էր ոչ միայն գրքի լույսընծայումը, այլ նաև հեղինակի 70-ամյակը: 



«Ես այսօր նշում եմ իմ հանդիպումը ընկերներիս, հարազատներիս, ուսանողներիս, աշակերտներիս հետ: Շատ կարոտ կա իմ մեջ. երանի իմ զավակներն էլ այսօր այստեղ լինեին: Այսօր պայծառ օր է ինձ համար»- ասաց Սամվել Սևադան:  

Գրքում ներառված են հեղինակի 190 բանաստեղծություններ, 7 գծանկարներ և 36 գեղանկարչական աշխատանքներ:



«Գրքում պատկերները՝ պոետական լույսերը, մարդիկ, կենդանիները, սարերը շատ գեղեցիկ շաղկապված են բանաստեղծություններին: Ձևավորումները հիմնականում արտահայտվում են կանացի սիլուետներով. սերը ամենից մեծ բանն է, որ մարդու մեջ կա և արտահայտվում է այս դեպքում: Այստեղ կա իսկապես լավ պոեզիա՝ պարզ, անպաճույճ»,- գրքի մասին իր տպավորությունների մասին պատմեց Էդվարդ Միլիտոնյանը:



Շնորհանդեսին ներկա էին նաև անվանի գեղանկարիչներ, գրողներ, արվեստագետներ: