Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-09-2019
Մայր թատրոնին կից նոր` «Սև տուփ» թատերական ձևաչափով կառուցված «Փոքր բեմ»-ում, կբեմադրվի Մանթեի Վիշնիեկի
««Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» պիեսը: Արդեն կայացած և պրոֆեսիոնալ թատրոնին կից այսպիսի բեմ պետք է լիներ՝ վստահ են ակադեմիական թատրոնում:

«Յուրաքանչյուր իրեն հարգող թատրոն, մանավանդ ակադեմիական, պիտի ունենա երկրորդ բեմահարթակ, որտեղ պետք է թրծվեն հիմնականում երիտասարդները և ,իհարկե, արվեն էքսպերիմենտներ, ներկայացումներ, որոնք իրենց ձևաչափով ավելի փոքր են, սակայն համաշխարհային գրականության մեջ և դրամատուրգիայում ունեն իրենց ուրույն տեղը»,-նշում է Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, հավելելով, -«փոքր բեմերը  բերում են խաղարկման նոր գեղարվեստական մտածողություն. դերասանի համար շատ հետաքրքիր է, քանի որ մեծ բեմն խաղարկման այլ կերպ է թելադրում, իսկ փոքր բեմում դերասանը հանդիսատեսի հետ մտնում է կենդանի շփման մեջ և հանդիսատեսը զգում է դերասանի էմոցիան, անմիջականությունը: Աշխարհում փոքր բեմերն ունեն իրենց տեղը, իրենց համապատասխան փառատոնները, որոնց պետք է մասնակից լինի նաև Սունդուկյանի թատրոնը. Այս է երկրորդ բեմահարթակ բացելու նպատակը և այստեղ աշխատանքները դեռ ավարտված չեն. հույս ունեմ, որ այս բեմը կհագենա նորագույն տեխնիկայով: Սա թատրոնի կառուցման առաջին փուլն է, առաջին քայլերն են»:

Քանի որ Մեյերխոլդը հանդիսանում է թատերարվեստի պատմության մեծագույն գործիչներից մեկը, որի բեմադրությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային թատրոննի պատմության մեջ, չէր կարող Վիշնիեկի այս պիեսը չհայտնվել Մայր թատրոնի խաղացանակում: Եվ, քանի որ, նոր բեմում այս ներկայացումը էքսպերիմենտ է, բեմադրիչը պետք է լիներ փորձառու և այդպես ընտրությունը կանգ առավ հենց Սերժ Մելիք-Հովսեփյանի վրա՝ անկեղծանում է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Հենվելով Սեժի և մեր ստեղծագործական խմբի պրոֆեսիոնալիզմին, ուզեցինք, որ ներկայացումը որոշակի երաշխիք ունենա: ԱՆկախ պիեսի ժամանակագրությունից, այն ժամանակակից հեղինակի ստեղծագործություն է, և Վիշնիեկը Եվրոպայում պահանջված հեղինակ է: Նա բազմաթիվ եվրոպական փառատոնների, այսօր արդեն, սպասված հեղինակներից է: Այսպես, ունենալով նման հեղինակի պիես, մենք հայտ ենք տալիս մասնակից լինելու տարբեր միջազգային փառատոնների»,-նշեց թատրոնի տնօրենը, հավելելով, որ Մայր թատրոնը պատրաստակամ է աջակցել երիտսարդ և նույնիսկ անփորձ բեմադրիչներին, իսկ նոր բեմը բաց է նրանց առաջ:

Նոր բեմ, նոր ներկայացում, երիտասարդ դերասաններ և բեմադրական նոր ձեռագիր. ««Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» պիեսը բնագրից թարգմանել և թատրոնին է առաջարկել Սերժ Մելիք-Հովսեփյանը: Ռեժիսորը հետաքրքիր է համարում տարբեր թատրոնների ու թատերախմբերի հետ աշխատանքը:

«Ես հիմնականում բեմադրում եմ այն պիեսները, որոնք ինձ դուր են գալիս: Երբ թատրոնի կողմից առաջարկը ստացա՝ համաձայնեցի, քանի որ ինքս էլ եմ սիում  այս պիեսը»,-նշում է բեմադրիչը,-«Միշտ փորձում եմ մի քայլ առաջ լինել հանդիսատեսից և բեմադրել հետաքրքիր գործեր: Մեր երիտասարդությունը այս պատմությանը ծանոթ չի և կծանոթանա այս պիեսի միջոցով: Այն խոսում է մեր՝ ոչ հեռու սովետական պատմության կարևոր դեպքերից: Պիեսը իշխանության և արվեստագետ հարաբերությունների մասին է, որը բոլոր արվեստագետների խնդիրն է.ինչպես պետք է իշխանության հետ հարաբերվել, մտավորականի տատանումները և այն հարցադրումը՝ ինչու է իշխանությունն այդպես վարվում»: 
Պիեսը պատասխաններ չի տալիս՝ նշում է Մելիք-Հովսեփյանը, հավելելով, որ հարցադրում կա, որ հանդիսատեսն ինքը պետք է  մտածի  այդ «ինչու»-ի օղակի մասին:

«Թեև պիեսն ունի քննադատական տեսանկյուն, սակայն մեզ մտածել է տալիս այն հարցադրումների շուրջ, որոնք բարձրաձայնվում են պիեսում: Ես շատ կուրախանամ, երբ հանդիսատեսը ներկայացումից գնա առանց պատասխանի, մտածի ու հետ գա ինքնուրույն այդ հարցադրումներին պատաաասխանած: Մենք հասկանանք՝ ներկայացման որ շեշտադրումներն են սխալ, մեր առջև դրված նպատակներից որոնք չի ստացվել, այդպիսով փոփոխություններ անենք»,-նշում է բեմադրիչը:

Ըստ Սերժ Մելիք-Հովսեփյանի՝ պիեսը ոչ միայն անցյալի մասին է, այլ նաև առնչվում է ներկային և իշխանական որևէ խոչնդոտի կարող է հանդիպել ցանկացած արվեստագետ, ցանկացած պահին:

Հ․Գ․։ «Ռիչարդ Երրորդ»-ը Մայր թատրոնում, այնուամենայնիվ, կկայանա. ներկայացման առաջնախաղը նախատեսված է սեպտեմբերի 17-ին, ժ.19:30-ին: Բարի դիտում...

Պատկերասրահ՝ ««Ռիչարդ երրորդ»-ը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» պիեսի բեմադրությունը