Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 17-09-2019
«Տանը մնացի՞»․ նոր մոնոներկայացում Թամարա Պետրոսյանի մատուցմամբ
«Տանը մնացի՞»-այսպես է կոչվում նոր ներկայացումը, որի պրեմիերան կայացավ Բոհեմ թատրոնում՝ սեպտեմբերի 15-ին:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացավ մոնոներկայացմամբ:



Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ մոնոներկայացմամբ հանդես գալու  առաջարկը ստացել է ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանից, ով արդեն հանրությանը հայտնի է «Հոթել Կալիֆորնիա», «Խառը տոլմա» նախագծերից։ 



Ներկայացման թեման ընտրել են ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն ու սցենարի հեղինակ Թելման Առաքելյանը: «Քանի որ ստատուսս դեռ թույլ է տալիս այդ թեմայով խոսել, որոշեցինք, որ «Տանը մնացի՞»-ն այն թեմաներից է, որը ներկայացման ֆորմատով երբևիցէ անդրադարձ չի ունեցել: Որոշեցինք այդ թեմայի շուրջ խոսել, բայց խոսել հումորով»:



Թամարայի խոսքով, դա բավականին ակտուալ խնդիր է՝ տանն ես մնացել, թե՞ ոչ։ Ըստ դերասանուհու այդ հարցն ուղղակիորեն առնչվում է նաև իր հետ․ «Տատիկները, մամաներն ու պապաները  կարող են ինձ դասել տանը մնացածների շարքին, բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով աշխարհում ներկայիս միտումները, այն թե ինչպիսի կարգ ու կանոն է տիրում, դեռ ամուսնանալու ժամանակ ունեմ։  Սա բավականին տարածված հարց է մեր օրերում, որը ցանկացանք բարձրացնել։ Ինչ հարց տալիս է վերնագիրը՝ «Տանը մնացի՞», այդ ուղղությամբ էլ ընթանում է ներկայացման բովանդակությունը։ Այն բաղկացած է տարբեր պատմություններից»։



Թամարայի համար մոնոներկայացումը շատ կարևոր և պատասխանատու է, քանի որ և՛ աշխատանքն է շատ եղել, և՛ պատասխանատվությունն է մեծ։ 

Դերասանուհու կարծիքով՝ թեման արդիական է, ու կհետաքրքրի բոլորին. «Գիտեք՝ այսօրվա տանը մնալ կամ չմնալն անքան հարաբերական է: Տարեցտարի մենք գնում ենք դեպի Եվրոպա, ցիվիլիզացիա, կանայք կարիերա են անում, շատ բան է փոխվել»։



Դերասանուհին  մեզ հետ զրույցում ընդգծեց, որ լարվածությունը բավականին շատ է և այն հաղթահարելու միակ ելքը անընդհատ աշխատելն է: