Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2019
Ֆիլմադարան. Թոդ Ֆիլիփսի նոր ֆիլմում «Ջոկերը» սկսվում է ժպիտից
«Ես մտածում էի, որ իմ կյանքը ողբերգություն է, բայց հիմա հասկացա, որ այն կատակերգություն է»: Ջոկեր

«Ջոկեր» ֆիլմը ներկայացնում է Warner Bros. Pictures-ը: Ֆիլմի սցենարը պատմում է 1980-ականներին Գոթամում իր հիվանդ մոր հետ ապրող Արթուր Ֆլեքի մասին: 

Արթուր Ֆլեքը պայքարում է Գոթամի հասարակության մեջ իր ճանապարհը գտնելու համար: Ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Նա հոգ է տանում իր հիվանդ մոր մասին, ով մանկուց սովորեցրել է նրան նայել աշխարհին ժպիտով և երազել կատակերգու դառնալու մասին: Արթուրի մայրը մանկուց սովորեցնում է որդուն «քայլել ժպտալով»:  Փորձելով բարություն սերմանել աշխարհում և մարդկանց պարգևել ուրախություն, երջանկություն՝ նա բախվում է մարդկային դաժանությանը: Կատակերգու Արթուրին փառքի և ճանաչման փոխարեն սպասվում էր ծաղրանք և  շրջապատի կողմից անտարբերություն: Ի վերջո նա գալիս է այն եզրահանգմանը, որ աշխարհն ու մարդիկ կստանան իրենից ոչ թե բարի ժպիտ, այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ: Ժամանակի ընթացքում Արթուրի հոգեկան աշխարհը տակնուվրա է լինում, և նա գործում է մի արարք, որից հետո արդեն վերափոխվում է Ջոկերի:



Ռեժիսորը Թոդ Ֆիլիփսն է: Նա ֆիլմի սցենարը գրել է Սքոթ Սիլվերի հետ համատեղ: Սա նրանց առաջին համատեղ աշխատանքը չէ: Նրանք այս ֆիլմում ցույց են տալիս, թե ինչը կարող է դրդել մարդուն դառնալ խելագար հանցագործ: 

Ֆիլմի պրոդյուսերներն են Բրեդլի Չարլզ Քուփերը, Թոդ Ֆիլիփսը և Էմմա Թիլինջեր Կոսկոֆը: Ֆիլմի բյուջեն կազմել է 55.000.000 ԱՄՆ դոլլար:

Ֆիլմում նկարահանվել են  ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ Հոակին Ֆենիքսը, դերասանուհի Զազի Բիթցը, ամերիկացի դերասան Բրայան Թայրի Գենրին, դերասանուհի Ֆրենսիս Կանրոյը և ուրիշներ: 

Անկասկած, «Ջոկեր» ֆիլմում ողջ ուշադրությունը գրավում է  Հոակին Ֆենիքսը՝ Արթուր Ֆլեքի դերակատարը: Դերասանը կատարել է հսկայական աշխատանք՝ դերին ամբողջովին պատրաստվելու համար: Բացի տպավորիչ ֆիզիկական վերափոխումից (դերասանը դերի համար մեծ քաշ է կորցրել, որպեսզի կարողանա մարմնավորել տկար Արթուրի կերպարը), Ֆենիքսը սովորել է նաև ընդօրինակել մարդու հոգեոպաթիկ ծիծաղի երեք տեսակ: Լավ է ստացվել, թե ոչ կորոշեն կինոդիտողները, սակայն պետք է նշել, որ այս ֆիլմում Հոակին Ֆենիքսը գերազանցեց ինքն իրեն:



Ֆիլիփսն ասում է, որ իր Ջոկերը ոչ սուպերհերոս է և ոչ էլ մեկը, ով ցանկանում է տեսնել աշխարհի կործանումը. «Սա մի տղա է, ով պարզապես փորձում է գտնել ինքն իրեն և հասկանալ, թե ով է ինքը: Նրա նպատակն է ստիպել մարդկանց ծիծաղել: Իսկ դիմադրության խորհրդանիշ նա սխալմամբ է դարձել»: Նոր Ջոկերը մարդ է, ով պարզապես հոգնել է լավը լինելուց:

Ռեժիսոր Թոդ Ֆիլիփսի ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019-ի հոկտեմբերի 3-ին: 

Պաշտոնական թրեյլերը՝