Նյութը՝ Լիլիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-09-2019
«1000 տարվա գյուղամեջ»․ գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի փառատոն
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական կենցաղավարության, արհեստների և արվեստի երկրորդ փառատոնը, որի նպատակն է զբոսաշրջության միջոցով նպաստել Փշատավան համայնքի զարգացմանը։

Փառատոնին իրենց մասնակցությունն են ունենալու ՀՀ Արմավիրի մարզպետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, պատգամավորներ, մշակութային, հասարակական գործիչներ։ 

«1000 տարվա գյուղամեջ»-ը Փառատոնների հայկական ասոցիացիայի անդամ է, իրականացվում է ասոցիացիայի աջակցությամբ և Փշատավանի համայնքապետարանի հովանավորությամբ՝ հեղինակ – կազմակերպիչ Կարինե Փանոսյանի և Փշատավանի երիտասարդական նախաձեռնության համակարգող Լիլիթ Գրիգորյանի կողմից։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ժամը 12։00 –ին, որն ուղեկցվելու է հայկական ավանդական դիմակահանդեսով՝ նվիրված Թումանյանի 150 ամյակին, այնուհետև ներկայացվելու է ավանդական կոխի ցուցադրություն, ելույթ է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ, լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը։ 

Մինչ բացման արարողությունը՝ ժամը 11։00-ից, համայնքում մեկնարկելու է ծանրամարտի մրցաշար, որի ժամանակ ցուցադրական ելույթով ներկայանալու է Դյութազնագրքի հերոս Գևորգ Աֆրիկյանը, ով նաև  սահմանելու է  նոր ռեկորդ՝  հենում - ծալում վարժությունը կատարելով բութ և ճկույթ մատներով։

Այնուհետև հյուրերը շրջելու են գյուղում՝ մասնակից դառնալու իրադարձություններին։

«1000 տարվա գյուղամեջ»-ը մյուս փառատոններից տարբերվում է իր ձևաչափով, քանի որ տաղավարները տեղադրված են ոչ թե հրապարակում, այլ բնակիչների բակերում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլ նաև մասնակցում․ բակերում իրականացվում են վարպետության դասեր։ 

Բակերն անվանական են և յուրաքանչյուրում տեղի է ունենում մեկ կամ մի քանի իրադարձություն․ «Դարբնոց», «Թոնրատուն» , «Մեղրի բակ» , «Նկարչության բակ», «Երաժշտական բակ» (Նվիրված է Կոմիտասի 150- ամյակին), «Կավագործության, կերամիկայի և խաչքարագործության բակ», «Կարուձևի բակ», «Բրդի վերամշակման և գորգագործության բակ», «Տիկնիկագործության և տոնածիսական բակ», «Գրականության բակ», «Գինու և օղու թորման բակ», «Թանգարանային բակ- ցուցադրական պեղումներ», « Թատերական բակ»։ 

Գործելու են․ լուսանկարչության տաղավար՝ ազգային մոտիվներով կահավորված, սրճարաններ, հուշանվերների սրահ։ 

Հյուրերի համար գյուղի հրապարակում գործելու է տեղեկատվական կենտրոն, որին մոտենալով հյուը ստանալու է հակիրճ տեղեկատվություն իրադարձության մասին, քարտեզ և տեղեկատվական թերթիկ։ Այնտեղ բնակիչ երիտասարդները ցանկության դեպքում մատուցելու են նաև գիդ- էքսկուրսավարի ծառայություն՝ խմբերի համար։

Փողոցներում տեղադրված են լինելու ուղղորդող ցուցանակներ։ Գյուղի հրապարակում՝ քարտեզ։

Երեկոյան նախատեսվում է համերգային ծրագիր հայկական ազգային երաժշտական խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ 

Կազմակերպիչները հոգում են լրագրողների Երևան-Փշատավան և հակառակ ուղղությամբ երթուղին։