Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2019
Ռոնալդուն չի փորձում մոռանալ իր անցյալը
Պորտուգալացի գերաստղը շարունակում է մշտապես հիշել այն դժվարին ուղին, որն անցել է ինքը բարձունքին հասնելու ճանապարհին։

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն օրերս պատմել է, թե տարիներ առաջ ինչպես է սնվել հանրահայտ «Մակդոնալդսի» սրճարաններից մեկում՝ տեղի աշխատակիցներից անվճար բուրգերներ խնդրելով, երբ սովորում էր Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլային ակադեմիայում:

Բրիտանական «The Sun» պարբերականը փոխանցում է պորտուգալացի գերաստղի խոսքերը. «Երբ 11-12 տարեկան էի, մեր ընտանիքը փող չուներ: Ես ապրում էի «Սպորտինգի» այլ սաների հետ ու 3 ամիսը մեկ էի տեսնում ընտանիքիս, ինչը շատ դժվար էր: Ուշ երեկոյան՝ 22:30-ին կամ 23:00-ին, քաղց էինք զգում, իսկ մարզադաշտի մոտ «Մակդոնալդս» սրճարան կար: Թակում էինք դուռն ու ասում. «Ողջույն, ինչ-որ բուրգերներ ունե՞ք»: Այնտեղ միշտ Էդնա անունով մի կին էր լինում ու էլի երկու աղջիկ»:

Պորտուգալացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Սպորտինգից» հեռանալուց հետո այլեւս երբեք չի տեսել իրեն անվճար սնունդ տված մարդկանց. «Չնայած բոլորին էլ փնտրել եմ, հարցրել Պորտուգալիայում տարբեր մարդկանց, բայց այդ «Մակդոնալդսը» փակվել է: Ուրախ կլինեմ, եթե այս հարցազրույցի օգնությամբ գտնեմ նրանց, որովհետեւ ուզում եմ նրանց Թուրին կամ Լիսաբոն հրավիրել ու ընթրել նրանց հետ: Ուզում եմ գոնե մասնակի վերադարձնել պարտքս»: