Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-09-2019
Նոյերը մտածում է միջազգային կարիերան ավարտելու մասին
Մյունխենի «Բավարիայի» բազմափորձ դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ վաղուց մտածում է Գերմանիայի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին:

Համաձայն գերմանական «Sport Bild» պարբերականի ունեցած տեղեկության՝ 2014թ. Աշխարհի չեմպիոնը՝ 33-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը, լրջորեն մտածում է, որ եկել է հարմար պահը հավաքականի կազմում մրցելույթներն ավարտելու համար։ Կարծես թե վերջին խոշոր մրցաշարը կարող է դառնալ «ԵՎՐՈ-2020»-ը:

Թե ինչու է գերմանացի դարպասապահը որոշել ավարտել միջազգային կարիերան, դժվար է միանշանակ պատասխանել։ Վերջերս, սակայն, Մարկ Անդրե Տեր-Շտեգենը, որը գրեթե անթերի երկու մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայի» կազմում, հայտարարեց, թե իրեն դուր չի գալիս շարունակել ազգային հավաքական հրավիրվել, որտեղ, սակայն, որեւէ ձեւ չկա ինքնադրսեւորվելու, քանի որ գլխավոր մարզիչը վստահում է միայն մեկ խաղացողի։

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականում հանդես է գալիս շուրջ տասը տարի՝ 2009 թվականից, ընդ որում՝ այդ ընթացքում երեք աշխարհի առաջնության ու երկու Եվրոպայի առաջնության ժամանակ հենց նա է եղել հավաքականի հիմնական դարպասապահը: