Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-09-2019
Մեկնարկեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ազդարարվեց Մայր բուհի հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների մեկնարկը. տեղի ունեցավ ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ղարիբյանի գեղանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացման արաողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի պաշտոնոկատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և այլք:

Գիրշա Ղարիբյանն ասաց, որ այս օրն իր կյանքի երջանիկ օրերից  է. «Ես 70 տարի համալսարանում եմ և հնարավորություն եմ ունենում երախտագիտությունս հայտնելու 100-ամյա համալսարանին: Համալսարանը վերստեղծեց մի միավոր, որը դարձավ մեր ժողովրդի խիղճն ու հավատը»:

Կենտրոնական մասնաշենքում, բացի այս ցուցադրությունից, ներկայացված էին ևս երկու ցուցադրություններ: Առաջինը ԵՊՀ դասախոսների և ուսանողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսն էր, իսկ երկրորդը՝ ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերի և ԵՊՀ գրադարանում պահվող հնատիպ գրքերի ցուցադրությունը: Այս բոլոր միջոցառումները կազմակերպվում են ԵՊՀ 100-ամյակի առիթով:

Նշենք նաև, որ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 23-ին և շարունակվելու են մինչև սեպտեմբերի 28-ը: ԵՊՀ 100-ամյակի առթիվ ՀՀ են ժամանելու օտարերկրյա հյուրեր, որոնց պատվիրակությունները ոչ միայն մասնակցելու են պաշտանական միջոցառումներին, այլ նաև այցելելու են թանգարաններ, տեսարժան և պատմամշակութային վայրեր: 

Ծրագրի մշակութային միջոցառումներից է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից բեմադրվող Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում առաջին կուրսեցիների երդման ամենամյա արարողությամբ և ուսանողների համար կազմակերպված տոնական համերգով: Ելույթներով հանդես կգան հայտնի երգիչներ Գոռ Սուջյանը և Արամ MP3-ը, ինչպես նաև DJ Շանթը:

Պատկերասրահ՝ ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը