Նյութը՝ կազմակերպիչներից
Լուսանկարները՝ կազմակերպիչներից
Տեղադրվել է 29-09-2019
«Siroon հեքիաթ». երիտասարդական սոցիալական ձեռներեցության ծրագիր
Սեպտեմբերի 28-ին հանրապետության միակ համայնքային երիտասարդական կենտրոնում՝ Գյումրու Երիտասարդական Պալատ ՀՈԱԿ-ում, տեղի ունեցավ «Siroon հեքիաթ» տիկնիկային էքսպերեմենտալ ներկայացման առաջնախաղը:
Ներկայացումն իր տեսակի մեջ եզակի էր, քանի որ ներկայացման բոլոր փուլերում ներգրավված էին սովորական երիտասարդներ, ովքեր առաջին անգամ էին առնչվում տիկնիկային թատերարվեստին: 

Դեռևս 2019թ. Հուլիսից երիտասարդները ձեռնամուխ եղան գյումրեցի մանուկների համար տիկնիկային ներկայացում ունենալու գաղափարին: Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններ Արթուր Օթարյանն ու Ժոռ Պետոյանը ծանոթ լինելով երիտասարդների գաղափարին՝ սկսեցին աշխատանքները՝ ներգրավելով ոլորտի մյուս մասնագետներին ուսուցման գործընթացում: 

Միաժամանակ սկսվեցին պիեսի ստեղծման և կերպարների ընտրության ու պատրաստման աշխատանքները, ինչպես նաև՝ տիկնիկավարության դասընթացները: 



Ներկայացման գաղափարը միտված էր ուղղորդել երիտասարդներին դեպի նոր մասնագիտություններ ու հմտությունների ձեռքբերում, ինչպես նաև՝ առանձնացնել բարեգործական ծրագրի համար նոր տարիքային խումբ՝ անկախ սոցիալական խմբից: 

Տիկնիկավարության և բեմական խոսքի դասընթացներին մասնակցում էին Պալատի բոլոր կամավորները, իսկ կերպարների ընտրությունը կատարվեց՝ ելնելով ինչպես մասնագետների, այնպես էլ մասնակիցների ցանկությունից:
 
-Այս տարբերակով մենք առաջին անգամ ենք աշխատում: Առաջին հայացքից դժվար էր պատկերացնել, թե ինչպես ենք աշխատելու ոչ մասնագետների հետ, առավել ևս, որ նրանցից շատերը դպրոցականներ են, - խոստովանում է ներկայացման ռեժիսոր Արթուր Օթարյանը,- ամենահետաքրքիրն այն էր, թե սովորելու ինչպիսի մեծ ցանկություն կար երիտասարդների մոտ: Ես հիացած եմ նրանց աշխատասիրությամբ: Կարծում եմ՝ շատ երիտասարդների համար անչափ կարևոր է, երբ իրենց վստահում են ու հավատում:

Դասընթացների պատասխանատու Ալինա Հունանյանի խոսքերով այսօրվա երիտասարդներն ունեն մեծ պոտենցիալ և կարևոր է այն իրացնելու ճիշտ ուղիներ գտնել,- «Մեծ սիրով աշխատել ենք երիտասարդների հետ և զարմացած եմ, որ հնարավոր դարձավ այսքան կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել այս, հիրավի, ՍԻՐՈՒՆ ծրագիրը: Մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցել երիտասարդներին իրենց բոլոր նախաձեռնություններում»:



Իրենք՝ երիտասարդները, խոստովանում են, որ չնայած մասնագիտական առումով դրված խնդիրներին, փորձել են անել այնպես, որ ամեն ինչ հնարավորինս պրոֆեսիոնալ դիտվի: Սկսած տիկնիկների պատրաստումից մինչև դեկորներ երիտասարդներն արել են թեև մասնագիտական խորհրդով, բայց՝ սեփական ուժերով: Ներկայացման համար պատրաստված կերպարները յուրօրինակ են նաև նրանով, որ ներկայացանում են ձեռնոցային տիկնիկներ, որոնց ինչպես նաև՝ դեկորների պատրաստման գործում մասնակցում էին Պալատի ոչ միայն տեղացի կամավորները: Ներկայացման նկարիչներից մեկը Բրազիլիայից ժամանած Նադյա Ռամոսն է, ում համար նմանատիպ ծրագիրը ևս նորություն  էր:Երիտասարդական Պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանի խոսքերով՝ անհրաժեշտ է երիտասարդական աշխատանքում ուշադրություն դարձնել հատկապես այն ծրագրերին, որոնցում ընդգծված է երիտասարդների առավելագույն զբաղվածության, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև բարեգործական բաղադրիչի առկայությունը:  

Նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին բացահայտել իրենց պոտենցիալը, որի շնորհիվ իրենք ավելի մրցունակ են դառնում աշխատաշուկայում: Ուրախ եմ, որ այս ներկայացմանը զբաղված են հատկապես մեր վերջին սերնդի կամավորները, որոնք տարիքով ավելի փոքր են: Սա մեծ ինքնավստահություն է տվել նրանց, որպեսզի ավելի ակտիվ լինեն հասարակական ոլորտում։