Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 07-10-2019
Մեկնարկեց WCIT-2019-ը
Երեկ Հանրապետության հրապարակում կայացավ WCIT 23-րդ համաշխարհային համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և շուրջ 60 երկրից ավելի քան 2 հազար պատվիրակություն է ժամանել մեր երկիր։



Բացման համերգը վստահված էր  WCIT միջազգային նվագախմբին, որը կազմված էր շուրջ 15 երկրի մոտ 100 երաժիշտներից: WCIT նվագախումբը կատարեց արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը:

Ի դեպ, հենց  Սերգեյ Սմբատյանին է պատկանում նման նվագախումբ ստեղծելու գաղափարը, որն էլ արժանացել WCIT-2019–ի կազմակերպիչների հավանությանը։ Այն երկրների երաժիշտները, որտեղ նախկինում տեղի է ունեցել WCIT-ը, Հայաստան էին ժամանել  սեպտեմբերի 29-ին։ Փորձերը կսկսվել էին սեպտեմբերի 30–ից:



Նվագախումբը ներկայացրեց 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա ցուցադրվեցին տարբեր երկրներ խորհրդանշող պրոյեկցիոն պատկերներ: Համերգի վիզուալիզացիան համալրվեց նաեւ 3D անիմացիաներով։  

Համերգային ծրագրի երկրորդ մասում առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ աշխարհի մասշտաբով ամենահայտնի DJ Արմին վան Բյուրենը։ 



Արմին վան Բյուրենն արդեն 20 տարի է լավագույն էլեկտրո, տեխնո DJ-ն է աշխարհում, ընդգրկված է թոփ 5 DJ-ների ցանկում։ Նա միակ DJ-ն է պատմության մեջ, ով առաջադրվել է է Գրեմմի մրցանակի ու թողարկել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Blah Blah Blah», «Sex, Love & Water», «Another You»-ն:

Հիշեցնենք`այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա: