Նյութը՝ Արմեն Սիմոնյանի
Լուսանկարները՝ Արենիի համայնքապետարանից
Տեղադրվել է 08-10-2019
Արենի գինու փառատոնը համախմբել էր գինեսերներին
Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղը մարդաշատ էր։ Արենի գինու փառատոնը համախմբել էր գինեսերներին: Փառատոնն ավանդաբար անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը։

Արդեն 11 տարի է, ինչ այս օրը աշխարհի բոլոր կողմերից հավաքվում են գինու բնօրրան Արենիում՝ մասնակցելու տոնախմբությանը, վայելելու գյուղացիների պատրաստած անմահական գինիները, ծանոթանալու հայկական երգ ու պարին, համտեսելու ավանդական կերակուրները։

Ժամանակի ընթացքում փառատոնը հայտնի է դարձել և մեծ հետաքրքրություն առաջացրել օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ. տարեցտարի այցելուների թիվն ավելանում է։

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողներին և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերել։

Փառատոնի հիմնական նպատակը գյուղական տուրիզմի զարգացումն է, ինչպես նաև մշակույթը, հարուստ պատմամշակույթային վայրերն, երկրի ազգային առանձնահատկությունները զբոսաշրջիկներին ներկայացնելը։

Այս տարիների ընթացքում Արենիում և հարակից գյուղերում կառուցվել է մի քանի տասնյակ հյուրատներ, ավանդական սննդի կետեր, գինու համտեսի սրահներ որտեղից զբոսաշրջիկները բավականին մեծ տպավորություններով են հեռանում։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և զբոսաշրջիկներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում խաղող ճզմելու գործընթացը, գինու համտեսը, հյուրասիրություն և վաճառքը, երաժշտական ծրագիր, ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառքը։

Պատկերասրահ՝ Արենի գինու փառատոն - 2019