Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-10-2019
Քննարկում «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի շրջանակներում
2019 թվականի մայիսի 15-ից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարել է համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար» խորագրով:

2019 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ 
• Քիմիական գիտություններ, 
• Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 
• Մանկավարժական գիտություններ, 
• Ճարտարապետություն, 
• Սոցիոլոգիական գիտություններ: 

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 
 


Հոկտեմբերի 16–ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ, ով ուսանողներին և դասախոսական կազմին ներկայացրեց ծրագրի մանրամասներն ու ընդգծեց ուսանողների մասնակցության կարևորությունը։ 

«Հորդորում եմ բոլորին «բրեյնսթորմինգ» անել՝ գեներացնելով լավագույն գաղափարները, փնտրել ու գտնել նոր լուծումներ և այդ նախագծերը ներկայացնել մրցույթին։  Անկախ նրանից ձեր ծրագիրը կհայտնվի լավագույն 20-յակում, թե ոչ: Ձեր համար սա առաջին անգամ ֆորմալ ձևով ծրագիր ներկայացնելու կարևոր փորձ կլինի։ Իսկ լավագույնը ճանաչվելու դեպքում,  կունենաք առաջին հաջողությունը, որն ավելի հեշտ կլինի զարգացնել»,- նշեց նախարարի տեղակալ Գ. Լոռեցյանը։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:



Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով, թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն: 

Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը: 

Մրցույթի կազմկոմիտեի կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված մրցույթի փորձագիտական հանձնաժողովը կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ:



2019 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում կկազմակերպվի մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն հեղինակների կողմից և նախագծերի վերջնական գնահատում: Սփյուռքահայ հեղինակները իրենց նախագծերը կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին: Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի հինգ հաղթող նախագծերը: Մրցույթում հաղթած նախագծերը կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր: 

Գևորգ Լոռեցյանը նշեց նաև, որ անցյալ տարվա լավագույն ծրագրերից մեկը այժմ կիրառվում է պաշտպանության նախարարությունում։ ՊՆ-ն հավանել է ծրագիրը, ֆինանսավորել է ու ծրագրի հեղինակները այժմ ունեն լավ վարձատրվող աշխատանք»,- ասաց Լոռեցյանը։

Հիշեցնենք, որ հայտերն անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 25-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ) կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը և կցելով նախարարի անունով ուղեկցող դիմում: