Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-10-2019
Երեւանի մարաթոնը կրկին տոն պարգեւեց քաղաքի բնակիչներին ու հյուրերին
«Yerevan Run»-ի նպատակները հստակ են՝ նպաստել առողջ ապրելակերպին, խթանել դեպի Հայաստան զբոսաշրջությունը եւ բարեգործությունը։

Մայրաքաղաք Երեւանում վաղուց արդեն անցկացվում են առողջ ապրելակերպի խթանմանը նպաստող երիտասարդական ու մարզական միջոցառումներ։ Արդեն 5-րդ տարին է, ինչ Երեւանի ինքնատիպ ու ամենանշանակալի այցեքարտն է դարձել «Yerevan Run»-ը՝ մարաթոնյան վազքը։

Հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Շահումյանի հրապարակը կրկին մարդաշատ էր ու գունեղ. տեղի էր ունենում ամենահետաքրքիր ու երիտասարդական իրադարձություններից մեկը՝ Երեւանի մարաթոնը, որը, կարծես թե, իսկապես դարձել է սիրված ու ցանկալի ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլեւ աշնանը Երեւան այցելող հարյուրավոր հյուրերի ու զբոսաշրջիկների համար։ 

Հատկանշական է, որ Երեւանում տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Yerevan Run» մարաթոնը, անցկացվում է ամեն տարի հոկտեմբերին: Վազորդների համար, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ նախատեսված վազքուղին անցնում էր մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով, ինչի արդյունքում հաճախ վազորդները կարող էին վայելել քաղաքի ամենից տեսարժան ու գեղեցիկ վայրերը:

«Yerevan Run» մարաթոնին մասնակցում էին թե՛ երեխաներ, թե՛ երիտասարդներ, եւ թե՛ տարեց մարդիկ. սա արդեն վերածվել է տոնի, որը միավորում է գրեթե բոլոր տարիքային խմբերին: Վազքուղու ամբողջ երկարությունը տատանվում էր 1 կմ-ից, որը նախատեսված էր 7-ից 12 տարեկան երեխաների համար, մինչեւ ամբողջական մարաթոնյան երկարություն՝ 42,2 կմ: Մասնակցությունը թեեւ վճարովի էր, սակայն գանձվող խորհրդանշական գումարներից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվելու էր բարեգործական նպատակների իրականացմանը:

«Yerevan Run»-ի հիմնական նպատակները մի քանիսն են՝ խթանել բարեգործությունը, զբոսաշրջությունը և, իհարկե, առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում: Այս տարի մարաթոնի ընթացքում հավաքված ողջ հասույթը կտրամադրի լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցին, որտեղ կբացվի հատուկ թերապիայի սենյակ:

Մի քանի ժամ տեւած միջոցառման ավարտից հետո պարզվեցին «Yerevan Run 2019»-ի բոլոր հաղթողներն ու մեդալակիրները։

1 կմ մրցատարածությունն ամենից արագը հաղթահարեց 10-ամյա Ալբերտ Գարեգինյանը։ Նույն մրցատարածության աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց 11-ամյա Մանե Ավետիսյանը։ 5 կմ մրցատարածության հաղթողը 22-ամյա Վանյա Սարգսյանն էր։ Վերջինիս կարծիքով՝ Երեւանի մարաթոնը յուրատեսակ տոն է վազել սիրող երիտասարդների համար. «Մի քանի տարի է, ինչ ակտիվորեն մարզվում եմ եւ առողջ ապրելակերպ եմ որդեգրել։ Սա լավ առիթ էր փորձարկելու ուժերը»։

Երեւանի մարաթոնի 12 կմ մրցատարածություն վազողների պայքարում լավագույն արդյունքը՝ 40 րոպե 50 վրկ ցույց տվեց 22-ամյա Երվանդ Մկրտչյանը։ Երկար մրցատարածությունների պայքարում, սակայն, հայ վազորդները հաջողություն չգրանցեցին։ Կիսամարաթոնի հաղթող դարձավ 28-ամյա լեհ Լուկաշ Վոզնիակը, իսկ Երեւանի մարաթոնի այս տարվա հաղթողը 27-ամյա Ալեքսեյ Բերեսնեւն էր, որին հաջողվեց 42,2 կմ մրցատարածությունը հաղթահարել 2 ժամ 31 րոպե 12 վրկ ժամանակահատվածում։

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս Երեւանի մարաթոնի պատշաճ իրականացման համար մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ժամանակավորապես փակ էին, սակայն դա չէր խանգարում մայրաքաղաքի բնակիչներին հաճույք ստանալ միջոցառումից. նրանցից շատերը միացել էին վազորդներին, ոմանք էլ ուղղակի աջակցում էին։

Պատկերասրահ՝ Yerevan Run - 2019