Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-10-2019
2019 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։

Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, Սիրիայում և Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ներկայացուցիչներին։ «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային, գործելով հանուն եզդի համայնքի, ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմի զոհերի փրկության, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից կանանց և երեխաների տարհանման, ինչպես նաև կտտանքների ու չարաշահումների ենթարկվածների աջակցության գործին։ 

«Ավրորա» մրցանակի դափնեկիրը ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլար պարգև, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Դինային որոշել է աջակցել «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ տրամադրող երեք կազմակերպությունների: Այդ կազմակերպություններն են «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպությունը («Օդային կամուրջ Իրաք»),«ՍԻԴ» (SEED Foundation) և «Շայ» (Shai Fund) հիմնադրամները:

Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում Փաշինյանը կարևորեց, որ  «Ավրորա»-ն այսօր համաշխարհային լայն ճանաչում է ստացել  և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը. «Ստեղծվելով որպես Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը անմահացնելու միջոց, «Ավրորա» մրցանակաբաշխությունը փառաբանում է մարդասիրությունը, քաջալերում խաղաղությունը և մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը։ «Ավրորա»-ն դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման ու ամրապնդման համար աշխարհում»։

2019 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացված էին «Ավրորայի» երեք հերոս: Միրզա Դինայից բացի՝ նոմինանտների շարքում էին փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան (Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում հիմնադրել է դպրոց, որտեղ սովորում են «Բոկո Հարամի» (արգելված նիգերիական իսլամիստական կազմակերպության) դահիճների և նրանց զոհերի երեխաները) և փաստաբան Հուդա Ալ-Սարարին՝ Եմենից (կարողացել է գաղտնի բանտերից փրկել բռնության ենթարկվող հարյուրավոր մարդկանց): 

«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ և միսիոներ Թոմ Քաթինան (2017) և ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։